Թուրքիան և ներքին տեղաշարժը


12:34 , 13 ապրիլ, 2019

Թուրքիան ես համարում եմ ներքին միգրացիոն շարժով բավականին ակտիվ երկիր: Օսմանյան կայսրության հիմքի վրա ստեղծված թուրքական պետության քաղաքացիներ են տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ: Թուրքիայի հանրապետության կազմավորումից հետո այս երկրի սահմանների ներսում սկսվեց ներքին միգրացիոն տեղաշարժ․ մարդիկ այդ տեղաշարժն իրականացնում էին ինչպես ավելի համայնքային կյանք վարելու համար, այնպես էլ աշխատանք գտնելու համար: Մինչև 1960-ական թվականները Թուրքիայի բնակչության միայն 30 տոկոսն էր քաղաքային բնակչության մաս կազմում, իսկ այսօր այդ ցուցանիշը հասել է 75-ի և անցնում է: Հատկանշական է, որ Թուրքիայի 81 նահանգներից միայն յոթում է, որ տեղի չի ունենում ներքին արտագաղթ, մնացած 64 նահանգից մարդիկ դուրս են գալիս և հաստատվում են այս յոթ նահանգներում: Քաղաքային բնակչության աճին զուգահեռ Թուրքիայում զարգանում են արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, ինչը չի կարելի դասել տնտեսության երկարատև զարգացում ապահովող բանալիների շարքին:

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին: Ընդդիմությունը հաղթեց հիմնականում այն նահանգներում, որոնք մտնում են վերոնշյալ յոթ նահանգների ցանկի մեջ: Ես պայմանական այդ յոթ նահանգներին կհամարեմ կոսմոպոլիտ, իսկ այն 64-ին՝ ոչ կոսմոպոլիտ: Այս կոսմոպոլիտ նահանգները հարուստ նահանգներ են, սրանք ունեն, այսպես ասած, եվրոպական տեսք, արտաքին աշխարհի հետ կապը շատ ավելի հեշտ է, իսկ ահա ոչ կոսմոպոլիտ նահանգներում բոլորովին այլ պատկեր է: Այստեղ կյանքը հեշտ չէ, աշխատատեղեր չկան, գյուղական բնակչությունն ապրում է քոչվորի կյանքով, քաղաքային բնակչությունը չունի զբաղվածություն, և հենց սա է պատճառ հանդիսանում ներքին միգրացիայի: Շատ ցայտուն է նաև կրթական մակարդակը կոսմոպոլիտ և ոչ կոսմոպոլիտ նահանգների միջև: 

Կրկին վերադառնալով ՏԻՄ ընտրությանը՝ ասեմ, որ ընդդիմությունը հաղթել է կոսմոպոլիտ նահանգներում, այսինքն՝ հարուստ և զարգացած նահանգներում: Մեկ-երկու օրինակ բերեմ, միայն Ստամբուլը տիրապետում է Թուրքիայի քաղաքային բյուջների 71 տոկոս ռեսուրսին, իսկ այն նահանգներում, որտեղ հաղթել է ընդդիմությունը, Թուրքիայի տնտեսության 70 տոկոսն է գտնվում: 

Դեռևս 2014 թ.-ին Համաշխարհային բանկի «Անցումային Թուրքիա» վերնագրով զեկույց էր հրապարակել, որտեղ նշում էր նաև ներքին միգրացիայի մասին, և մատնանշում, թե ինչ ռիսկեր է պարունակում իր մեջ ներքին միգրացիան Թուրքիայի տնտեսության համար:

Ես կարծում եմ, որ Թուրքիան հնարավոր է գնա վարչատարածքային նոր բաժանումների, որոշակի կառուծվածքային փոփոխություններ կարող է մտցնել կառավարման համակարգում, որպեսզի արդեն վտանգավոր աստիճանի հասած ներքին միգրացիոն վտանգները չեզոքացնի: