Մեր նախնիների ամենաարտասովոր հիվանդությունները, որոնց բացատրությունները դեռ չեն գտնվել


21:00 , 13 ապրիլ, 2019

Մարդկային քաղաքակրթության անցյալը, մեղմ ասած, «կեղտոտ» էր ու անհասկանալի: Ժամանակակից մարդու համար դժվար է պատկերացնելը, թե ինչեր են արել բանական մարդիկ նախկինում: Վերցնենք, օրինակ, հանրահայտ պատմական քաղաք Պոմպեյը: Մինչև հրաբխային մոխրի տակ անցնելը հին իտակալան «Լաս Վեգասը» թափոնների ու աղբի տեղակայման վայր էր, որտեղ անցորդների ոտքերի տակ հնարավոր էր տեսնել ամեն ինչ՝ սկսած կոտրված կաթսաներից, վերջացրած ձիերի դիերով: Այս աղբին հռոմեացիները վերաբերվում էին նորմալ, ինչպես բնության յուրաքանչյուր երևույթի:

Աթենական ժանտախտ

Բոլոր սարսափելի ու խորհրդավոր հիվանդություններից, որոնց մարդկությունը հանդիպել է պատմության ընթացքում, առանձնացել է այս համաճարակը, որին ավելի քան երկու հազարամյակ կոչում են աթենական ժանտախտ: Մ.թ.ա. 430-426 թթ. հին հունական ժողովրդավարության օրրանն անտիկ իմաստության տնից վերածվեց թունավոր ու մահացու մանրէների «բնակության վայրի»:

Համաձայն լեգենդի՝ աթենական ժանտախտի համաճարակից հետո միայն մեկ գրագետ ականատես ողջ մնաց՝ ոմն Թուկիդիդես։ Նա իբր հիվանդության տարօրինակ ախտանիշների մասին գրավոր տեղեկություններ է փոխանցել հաջորդ սերունդներին: Այդ ախտանիշների մեջ էին մտնում կարմրող աչքերը, արյունոտ լեզուները, կոկորդի նեխելը, մարմնի՝ սարսափելի վերքերով պատվելը: Այս ամենը չհաղթահարելու դեպքում վրա էր հասնում մահը: Համաճարակի հետևանքով մահացել է Հին Աթենքի բնակչության գրեթե 2/3-ը, ինչպես նաև հանրահայտ Պերիկլեսը՝ աթենական հռետոր ու զորավար:

Մինչ օրս գիտնականները չեն եկել միասնական կարծիքի այն մասին, թե որն է եղել մ.թ.ա. 430-ական թվականների աթենական այս համաճարկի պատճառը: Ուսումնասիրելով զոհերի ատամները՝ բժիշկները եկել են եզրակացության, որ այն բուբոնային ժանտախտի հետ ոչ մի կապ չի ունեցել: Որոշ մասնագետներ կարծում են, որ աթենական ժանտախտն էբոլա վիրուսի՝ պատմության մեջ առաջին տարածումն է եղել: Մյուսները խոսում են խոլերայի, տիֆի, անգամ կարմրուկի մասին:

«Պայթող» ատամներ

Ատամնացավն ամենաանտանելի ցավերից մեկն է, սակայն մեզ հայտնի ատամնացավից հարյուրավոր անգամներ ավելի ուժգին ցավ է գոյություն ունեցել, որի պատճառով մարդիկ կտրել են իրենց կապն իրական աշխարհի հետ, պահել են իրենց կատաղած շների նման, և ոչ մի ցավազրկող կամ ատամնբաույժ ունակ չի եղել նրանց օգնելու:

19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ատամնաբույժների մոտ որոշ դժբախտ հիվանդներ էին գալիս, որոնց ատամները ոչ միայն ամիսներ շարունակ անտանելի ցավում էին, այլև պայթում էին: Այդ արտասովոր երևույթն առաջանում էր հազվագյուտ հիվանդության հետևանքով, որն առաջին անգամ բնութագրել է Ամերիկայի Փենսիլվանիա նահանգի ատամնաբույժ Էթքինսոնը: Պայթող ատամների համաճարակի մասին 1817 թ. առաջին անգամ գրվեց «The Dental Cosmos» ամսագրի էջերում:

Բժիշկ Էթքինսոնի հիվանդներից մեկին ատամնացավը կենդանական վիճակի էր հասցրել. քահանայի մասնագիտություն ունեցող տղամարդը ցավի պատճառով հարվածում էր գլուխը ցանկապատերի սուր անկյուններին և այլ ագրեսիվ գործողությունների էր դիմում: Մի անգամ՝ առավոտյան ժամը 9-ին, քահանայի բերանում տարօրինակ ձայն լսվեց․ կարծես ինչ-որ մեկը կրակեց այնտեղ: Հիվանդ ատամը բաժանվեց բազմաթիվ փշուրների, և տառապանքները վայրկենապես անհետացան: Այնուհետև քահանան քնեց, ապա արթնացավ ամբողջովին առողջ:

1830 թ. նման դեպք պատահեց քահանայի հարևանությամբ ապրող մի կնոջ՝ Լետիցիայի հետ: Այս ամերիկուհին ևս ամիսներ շարունակ տառապում էր ատամնացավից և նույնպես փոքրիկ պայթուն զգաց բերանում, որից հետո բոլոր ցավերը վերացան: Իսկ 1855 թ. նույնատիպ դեպք պատահեց Աննա անունով մի կնոջ հետ: Միայն 19-րդ դարում ատամի պայթյունի 5-6 դեպք է գրանցվել, իսկ ահա 1920-ից հետո արտասովոր երևույթն անհետացավ:

Ըստ բժիշկ Էթքինսոնի՝ այս երևույթը երկու պատճառ կարող էր ունենալ․ առաջին՝ ատամնաբույժների կողմից հիվանդների ատամներում անպետք նյութեր թողնելը, և երկրորդ՝ ատամների անցքերում տաք գամերի հավաքվելը: Բանն այն է, որ մինչև 1833 թ․ ատամնաբույժները մարդկանց ատամները պլոմբում էին հնարավոր բոլոր նյութերի օգնությամբ՝ անագի, արծաթի և այլն, ինչն էլ կարող էր հանգեցնել նման անցանկալի հետևանքների: