Արգենտինայի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցուց թանկարժեք իրեր են գողացել


10:37 , 13 ապրիլ, 2019

Արգենտինայի Վալենտին Ալսինա քաղաքում (Բուենոս Այրես նահանգ) չարագործները մի քանի շաբաթում երկու անգամ ներխուժել են Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին և արժեքավոր իրեր գողացել:

Ինչպես հայտնում է El Diario Sur պարբերականը, հղում անելով տեղի հայ համայնքին, եկեղեցուց տարել են մոմակալներ, բրոնզե ցուցատախտակներ, երկու երգեհոն, ծաղկամաններ, ոսկյա և արծաթե գավաթներ, նկարներ, սփռոցներ, վարագույրներ, կահավորանքի տարրեր և մեծ խորհրդանշական արժեք ունեցող խաչեր:

Եկեղեցու ծխականները մտահոգված են մշակութային և կրոնական արժեք ունեցող իրերի կողոպուտով և կոչ են անում քաղաքի իրավապահ մարմիններին պարզել եղելությունը: