«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել


23:30 , 12 ապրիլ, 2019

Pastinfo.am-ը գրում է.

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպաններն այսօր  վերաքննիչ բողոք է  ներկայացրել  Դ.Ղազարյանին կալանավորելու  Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի որոշման դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց փաստաբան Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ  Ղազարյանին կալանավորելու ՊԵԿ քննիչի միջնորդությունը, միաժամանակ մերժել փաստաբանների գրավի միջնորդությունը։ «Սպայկա»-ի աշխատակիցները անարդարացի համարելով  դատարանի  որոշումը բողոքի ակցիա էին իրակացրել դատարանի առաջ։

Հիշեցնենք, որ Դ.Ղազարյանին ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Դ.Ղազարյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ՊԵԿ-ը ուռճացված թվեր է հրապարակել եւ վերջինիս գործողությունները գնահատել որպես հետապնդում։

Տարբեր տնտեսագետներ եւ իրավաբաններ կարծիքներ են հնչեցրել, որ գործարարի կալանավորումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա ընդհանրապես։

Փաստաբանները նաեւ վերաքննիչ դատարանում կբարձրացնեն գրավի կիրառումը թույլատրելի համարելու հարցը, եթե ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվի։