22:15 , 18 հունիս, 2013
2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղու վրա իրավապահ մարմինների կողմից անօրինական կերպով և բռնության կիրառմամբ սահմանափակվել են Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների և համագյուղացիների մի շարք իրավունքներ, մասնավորապես` ազատ տեղաշարժի և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքները: Բացի ոստիկանությունից այդ գործողություններին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, զինված ուժերի ստորաբաժանումներ, ինչը ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում է: Ըստ ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:
Տեղի է ունեցել սահմանադրական կարգի խախտում, կատարվել է պետական ծառայության դեմ և/կամ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն (պաշտոնեական լիազորությունները չարաշահում, պաշտոնեական լիազորությունների անցում, իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն), իսկ ՀՀ ոստիկանությունը կատարված հանցագործությունը կանխելու միջոցներ չի ձեռնարկել և ցուցաբերել է հանցավոր անգործություն, մինչև անգամ` մասնակցություն:
Տարածքում ներկա են գտնվել նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:Պահանջում ենք պարզել, թե ում հրամանով են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները բերվել Երևան-Սևան մայրուղի և մասնակցել խաղաղ քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակման գործողություններին: Հիշեցնում ենք, որ ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով:
Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել անօրինական հրաման արձակած և ակնհայտ անօրինական հրամանով առաջնորդված անձանց:
Պատշաճ ընթացք չտալու դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի, ևս պատասխանատվություն պետք է կրի հանցավոր անգործություն ցուցաբերելու և հանցագործությունը կոծկելու համար։
Տեքստը՝ «Ազատագրում» խմբից