«Ինչպե՞ս ես». Քարդաշյանը Vogue-ի հետ զրույցում հայերեն է «խոսել» ու խոստովանել, որ ամենից շատ սիրում է հայկական ուտելիքները (Video)


15:10 , 12 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Vogue ամսագրի ամերիկյան խմբագրությանը՝ պատասխանելով կյանքի տարբեր ոլորտներին առնչվող 73 հարցի:

Իր և ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի լոսանջելեսյան Կալաբասաս շրջանում գտնվող առանձնատանը տված հարցազրույցի ընթացքում 38-ամյա հայուհին, որը սպասում է չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, անդրադարձել է նաև իր հայկական ծագմանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանի վերաբերյալ ինչն է ինքն ամենից շատ սիրում, Քարդաշյանը պատասխանել է՝ սնունդը: Հեռուստաաստղը լրագրողին խորհուրդ է տվել Հայաստանում գտնվելու դեպքում ամեն ինչ համտեսել:

Այնուհետև լրագրողն անսպասելիորեն հարցրել է .«Հայերեն խոսո՞ւմ եք»: Դրան ի պատասխան Քարդաշյանն ասել է. «Ինչպե՞ս ես: Դա իմացածս միակ բանն է»:

Քարդաշյանի հարցազրույցին ներկա են եղել նաև ամուսինը և երեք երեխաները: Աստղն ընդգծել է, որ սա իսկապես հազվագյուտ երևույթ է, երբ իրենք ամբողջ ընտանիքով միասին տանն են լինում:

Հարցազրույցի ընթացքում Քարդաշյանը խոստովանել է, որ մայրանալուց հետո սովորել է համբերատար լինել և որ մայրության հարցում իր համար ամենահաճելի պահն այն է, երբ երեխաներն ասում են, որ սիրում են իրեն:

Նա նաև պատմել է, որ ամուսնուց սովորել է ինքնավստահ լինել, իսկ նրան սովորեցրել է ինչպես ճիշտ ծախսել գումարն ու տնտեսել այն:

«Բայց ես նրա խորհրդին չեմ հետևում»,-միջամտել է Ուեսթը:

Հեռուստաաստղը նաև նշել է, որ Լոս Անջելեսում չապրելու դեպքում կնախընտրեր Բահամյան կղզիներում բնակություն հաստատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ