ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՝ ատելության հռետորաբանությունը մեծ թվով խտրականությունների, քսենոֆոբիայի ու ռասիզմի է հանգեցնում, ինչը վտանգավոր է, և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը հարցի տակ է դնում: Դա, ըստ Վարդանյանի, վնասում է և «ապահումանիզացնում», հիմք է ստեղծվում, որ զանգվածային անօրինականություններ լինեն:
Վարդանյանը նշեց, որ հենց ատելության քարոզներն են եղել ցեղասպանությունների կատալիզատորը: Նա բերեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հոլոքոստի օրինակը, ասաց, որ այդ ժամանակ քարոզչական մեքենան հիմնվել է հենց նման հռետորաբանության վրա:
«Զարմանալի է լսել, որ այսօր որոշ քաղաքական գործիչներ, լիդերներ իրենց առօրյայում նպաստում են այդ հռետորաբանությանը: Ես կարծում եմ, որ նրանք պետք է իրավունք չունենան հանրությունը խմբերի բաժանել, դա ամոթ է: Եթե դուք կեղծ լուրեր եք ստեղծում, ձեր հակառակորդի իմիջն եք փոխում, անպատասխանատու եք գործում, դա կարող է բերել վտանգավոր հետևանքների»,- ասաց նա:
Վարդանյանը խոսեց նաև ատելության խոսքի տարածման հարցում սոցկայքերի վտանգավորության մասին, նշեց՝ սա հիվանդություն է, որ կարող է ներառել բազմաթիվ ժողովուրդների:
ՀՀ պատվիրակության անդամն ընդգծեց՝ ատելության ցանկացած կոչ ու հռետորաբանություն պետք է արգելվի, կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ն այս հարցում պետք է լինի շարժիչը և ղեկավարը: