Օդաչուն շփոթել է կոճակները և խուճապ առաջացրել ինքնաթիռում


22:00 , 10 ապրիլ, 2019

British Airways ավիաընկերության ինքնաթիռում, Սինգապուր-Լոնդոն չվերթի ժամանակ, խուճապ է սկսվել, երբ օդաչուն իր խցում շփոթել է կոճակները, հաղորդում է The Sun-ը:

«Սկզբում անջատվեցին տեղեկատվական վահանակները և լույսը, այնուհետև ընկան թթվածնի դիմակները և դրանք հագնելու խնդրանքով հայտարարություն հնչեց»,- պատմել է ուղևորներից 24-ամյա Միտչել Ուեբը:

Մի քանի րոպե անց անձնակազմը հորդորել է ուղևորներին ուշադրություն չդարձնել հայտարարությանը, քանի որ այն միացել է տեխնիկական սխալի պատճառով, և բորտուղեկցորդներից մեկը խոստացել է վերացնել համակարգում առաջացած խնդիրները:

«Եվ նույնիսկ այդ խուճապային իրավիճակից հետո օդաչուից որևէ բացատրություն կամ ներողություն չենք ստացել»,- դժգոհել է Ուեբը:

Սակայն ավիաընկերությունը հետագայում ներողություն է խնդրել ուղևորներից էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով և խոստացել պարզել միջադեպի պատճառները: