Պետական ապարատի մեծ մասը որևէ գաղափար չունի իր առաջարկած լուծումների մասին ու չի առնչվել իրականության հետ


01:50 , 10 ապրիլ, 2019

Ամեն անգամ, երբ Փաշինյանն ինչ-որ տեղ ներվային հանդիպումներ է ունենում ու դրանից հետո որոշումներ է կայացնում, ես սկսում եմ կրկին կարծել, որ վարչապետին գրեթե ամեն բան սխալ են զեկուցում, որ Նիկոլին չեն կարողանում բացատրել խնդիրների բուն պատճառը, այլ փորձում են ամեն ինչ ծածկադմփոց անել:

Նորագավիթի մաքսայինը խնդիր ունի, հերթեր կան, մարդիկ օրերով մեքենա են մաքսազերծում, մաքսատան վիճակը, մեղմ ասած, ողբալի է: Ի՞նչ է որոշում վարչապետը համապատասխան կառույցի ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց ու այց կատարելուց հետո․ մաքսատունը որոշում են տեղափոխել: Այսինքն՝ այդ հերթերը, ողբալի վիճակը և այլ խնդիրները պարզապես տեղափոխում են մի կետից մյուսը:

Ախր հետո էլ զարմանում եք, թե ինչի համար են տաքսու վարորդները միշտ մի քանի անգամ ավելի լավ հասկանում պետական ապարատի խնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Այ Նիկոլ ջան, էդ ովքերո՞վ ես շրջապատվել, որ չորս հատ կոֆեի ապարատի ու 5 հատ էլ շաուրմայանոցի աշխատանքով մարդիկ փորձում են մարզ զարգացնել: Իսկ խորհուրդ տվողներդ փորձե՞լ են այդ ամենը դիտարկել, օրինակ, Սյունիքից կամ Վայոց Ձորից մեքենա ներմուծողի աչքերով: Իհարկե, չեն փորձել, որովհետև պետական ապարատի մեծ մասը որևէ գաղափար չունի իր առաջարկած լուծումների մասին ու չի առնչվել իրականության հետ, չի եղել մաքսատանը, չի անցել այդ ճանապարհներով: Աթոռը դրել եք տակները, պեռաշկի վաճառելով փորձում են մարզեր զարգացնել:

Գործող պետական հիմնարկը փոխանակ փորձեն զարգացնել, մարզերում պրակտիկա անցկացնել, հետո աշխատանքը բաշխել տարբեր մարզերի մեջ, որ հա՛մ գորիսեցուն հարմար լինի, հա՛մ նոյեմբերյանցուն, համ էլ գյումրեցուն ու երևանցուն: Թե չէ սենց տարին մեկ մաքսատանը շենքը վերցնելու եք ու հայդե Գյումրի, հայդե Կիրովական, հայդե Վայք ու տենց կլոր ֆռալու եք:

Չէ, ախպեր, ամեն մեկն իրա բնագավառը հեծնել ա, ինչ սիրտը քաշում ա, զեկուցում ա, նրանք էլ, հրապարակի կառավարության շենքում նստած, բան չեն հասկանում, դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են ոչ մի բանը: