Կարճ լիկբեզ մենեջմենթի, հեղինակության ու պետության սիմվոլների մասին


01:09 , 10 ապրիլ, 2019

Քանի որ մեր Քաջ Նազարը երեկվա էմոցիոնալ ապրումներից հետո արթնացել էր անձի երկվությամբ ու ամբողջ առավոտը և օրվա երկրորդ կեսի մի մասը կարծում էր, որ ինքը Լուկաշենկոն է, իսկ հետո Մաքսատան էքսցեսսը սրբագրելուն միացան դեռ նախորդ օրվա նիկոլա-աննայական ախմախությունները դեռ չմարսած ագիտ-ստրուկները, հարկ եմ համարում մի շարք համեստ դիտարկումներ անել կատարված ու ասպարեզ նետված մուտիտների շուրջ։

1․ Նիկոլն ախմախ մենեջեր է ու պատկերացում չունի սուբորդինացիայի մասին

Նախ՝ եկեք միանգամից դեն նետենք այն թեզը, որ Նիկոլը գերագույն գլխավոր հրամանատար է, ուստի պետք է պատվի առնեն և այլն։ Նիկոլը ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե գերագույն հրամանատար չէ։ Դե ֆակտոն կարող եք վիճարկել, իսկ դե յուրեն աներկբա է ու ֆիքսված է սահմանադրությամբ, որում առհասարակ չկա էլ գերագույն գլխավոր եզրույթը, իսկ գլխավոր հրամանատարի գործառույթը խաղաղ ժամանակ վերապահված է ԳՇ պետին։ Նիկոլը պարզապես գործադիրի ղեկավարն է։

Սուբորդինացիայի թեման զարգացնելով նշենք, որ մաքսատան այդ աշխատակիցն ունի վերադասների շղթա, և իր սուբորդինացիոն շղթայի վերջին օղակը ՊԵԿ նախագահն է, որն էլ իր հերթին Նիկոլի ենթական է։ Եթե Նիկոլը խիստ դժգոհ էր մաքսատան վիճակից, աշխատակիցների հագուկապից ու արտաքին տեսքից, բարձիթողի վիճակից, ապա նրա թիրախը երբեք ու ոչ մի պարագայում չպետք է լիներ շարքային մաքսավորը, առավել ևս, որ, բացի մեր Սուտլիկ Որսկանի հիստերիկ ճղճղոցներից, դեռ ոչ մի փաստ չկա առ այն, որ հենց այդ մաքսավորն էր մեղավոր դրոշի համար։

Առաջին պատասխանատուն այդ մաքսավորի ու մաքսատան ղեկավար օղակն է, ով հավուր պատշաճի վիճակ չէր ապահովել, այն էլ՝ նման պատասխանատու այցի ժամանակ։ Այդ ղեկավար օղակի հետ էլ վարչապետն ուղղակի անելիք չունի, դա Անանյանի խնդիրն է ու նրա պատասխանատվությունը, ուստի, եթե Նիկոլն ախմախ մենեջեր չլիներ, նա իր նկատողության ու/կամ տույժի թիրախ կընտրեր հենց Անանյանին, ով իր հերթին արդեն սուբորդինացիոն ուղղահայացով կիջեցներ սանկցիաները, որոնց վերջում նոր կարող էին հայտնվել շարքային մաքսավորն ու այդ սենյակում աշխատող մյուս աշխատակիցները։

2․ «Ինձ չեն ծեծել պուճուր ժամանակ ու հիմա ես վրեժ չեմ լուծում»

Հեղինակությունը բարդ ու երկար ստեղծվող կապիտալ է։ Եթե մարդը կայուն պսիխիկա ունի, մանկական ծանր տրավմաներ ու դրանց արդյունքում հասուն կյանքում խոյացած կոմպլեքսներ չունի, նա դա գիտակցում է։ Գիտակցելով հասկանում է նաև, որ նրանից, որ դու գոռացիր՝ զգաստացե՛ք, ես վարչապետն եմ/շեֆն եմ/էս չաստի լավ տղեն եմ, դու դեռ հեղինակությունդ չես ավելացնում, դեռ մի բան էլ՝ կտրուկ պակասեցնում ես կողմնակի լսարանի աչքերում։

Իսկ եթե քեզ փոքր ժամանակ ծեծել են/նվաստացրել են/նեղացրել են, ու դու այդպես էլ չես հաղթահարել այդ հոգեկան տրավմաները, դու չես դիմանում գայթակղությանը և հենց ունենում ես այլոց վրա իշխանության մինիմալ լծակ, դու սկսում ես ինքնահաստատվել նրանց վրա, բայց դա զռռում է, ու բոլորը տեսնում են դա։ Ու ինչքան էլ տասովշիկներդ սկսեն տարբեր պատճառաբանություններ ու փաստարկներ բերել, թե ինչու էր ճիշտ, որ պետության գլուխը քուչի խուժանի պես նայեզդ անի շարքային մաքսավորի վրա, փաստը մնում է փաստ՝ դու հաթաթա էիր անում մեկի վրա՝ շրջապատված էդ մեկի շեֆերով, քո ախռանիկներով ու տեսախցիկներով, և ինքը որևէ շանս չուներ նույնիսկ որպես արդարացում ինչ-որ բան ասելու, բայց դու շարունակում էիր քո հիստերիկ բենեֆիսը։ Այնպես որ, Նիկոլն, ախմախ մենեջեր լինելուց զատ, նաև թույլ ու ցածր մարդ է, ով այ սենց կենցաղային դրվագներում իր վրեժն է լուծում աշխարհից, որն իրեն նեղացրել է իր կյանքի ինչ-որ փուլում/փուլերում։

3․ Դրոշների ու պետական սիմվոլների մասին

Էս մի կետը կարճ կապեմ, որովհետև ահագին հանգամանալից մի շարք ընկերներ խոսեցին էլ սրա մասին, նկարներ էլ դրեցին։ Մենակ ասեմ, որ մարդ, ով եռագույնը նասկի է դարձնում ու մի բան էլ փիառ ակցիա է կազմակերպում, թե ինչպես ինքն ու օտար երկրի ղեկավար Հայաստանի դրոշը ոտներին հագան, առնվազն տարօրինակ է, որ սկսի հանդես գալ ՀՀ դրոշի պահապանի պրիզմայից, որովհետև, տեսեք-տեսեք, դրոշը սենյակում լավ տեղ դրված չի եղել։

Թերևս այսքանը։ Հասկանում եմ, որ իշխանական քարոզիչների մոտ սև օրեր են սկսվել, ու ցանկանում եմ վստահեցնել, որ սա լոկ առաջին ծիծեռնակներն են, և որքան էլ դա ծանր հարված լինի իմ ու ինձ պես՝ Նիկոլի մերկությունն առաջին օրվանից տեսնող ու դրա մասին բարձրաձայնող մարդկանց համար, այդ եղելության մեղավորության առյուծի բաժինը հենց Նիկոլինն է։ Հատուկ ոչինչ անել էլ պետք չէ, որպեսզի հայոց նորագույն պատմության ամենամեծ սուտասանի ու ամենահաջողակ ավանտյուրիստի իսկական էությունը գնալով ավելի ու ավելի ակնառու դառնա։

#SutNikol