Երևանում թալանել են Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարիչի տեղակալի տունը. տարել են խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար


22:30 , 9 ապրիլ, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք՝ ժամը 17:40-ից մինչև 21:20-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են Բակունցի փողոցի բնակչի տուն, և բնակարանից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են քննիչներն ու փորձաքրեագետները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, թալանված բնակարանի սեփականատերը 44-ամյա Հ.Գ.-ն է, ով աշխատում է Հայաստանի բանկերից մեկի կառավարիչի տեղակալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: