Սեղմված գազի վաճառքը կիրականացվի կիլոգրամով՝ խորանարդ մետրի փոխարեն․ նախագիծը հաստատվել է


19:00 , 9 ապրիլ, 2019

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկածներ չեղան:

Օրենքով նախատեսված կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորի փոփոխությունն է:

Ըստ օրենսդրական նախաձեռնության` գազալցակայաններում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խորանարդ մետրից կդառնա կիլոգրամ:

Նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով` զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1 խմ = 0.717 կգ):

Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի մոտ 34 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34 000 դրամ: