Փարիզի աճուրդում դինոզավրի 13 մետրանոց կմախք են վաճառելու


08:10 , 9 ապրիլ, 2019

13 մետրանոց խոտակեր դինոզավրի կմախքը լոտ կդառնա այն աճուրդում, որը հունիսին կկազմակերպի Ֆրանսիայի Aguttes աճուրդային տունը: Վերջինիս տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ լոտի արժեքը կկազմի շուրջ 2 միլիոն եվրո:

Հաղորդագրությունից հետեւում է, որ դինոզավրի մնացորդները, որն ապրել է շուրջ 150 միլիոն տարի առաջ, ապրիլի 2-ից ցուցադրվում են Մեծ Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանի հինգերորդ տերմինալում: Հնէաբան եւ աճուրդային տան փորձագետ էրիկ Միքելերի խոսքով՝ նախապատմական կենդանին պատկանել է դիպլոդոկների ընտանիքին, որոնք Յուրայի շրջանում բնակվել են արդի Հյուսիսային Ամերիկայի տարածքում:

Կմախքի երկարությունը կազմում է 13 մետր, բարձրությունը՝ 6,2 մետր: Լոտն, ինչպես նշվում է, ավելի քան 90 տոկոսով «բաղկացած է օրիգինալ ոսկորներից, ինչը դրան լրացուցիչ արժեք է տալիս»:

«Դա ամենակարեւոր քարացածություններց մեկն է, որը գտնվել է XIX դարի վերջից ի վեր»,- լրագրողներին ասել է Միքելերը: Նրա խոսքով՝ որոշ ոսկորների վրա «նույնիսկ մաշկի մնացորդներ են պահպանվել»:

Աճուրդի դրվող դինոզավրի մնացորդները գտնվել են 2012 թվականին ԱՄՆ-ում (Վայոմինգի նահանգ): Կմախքը Հիթրոուում կմնա մինչեւ հունիսի 3-ը, ինչից հետո այն վաճառքի կտանեն Փարիզ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: