ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին», «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը


15:32 , 8 ապրիլ, 2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:  

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն կքվեարկի ազատ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս առաջին ընթեցմամբ ընդունվեց 103 կողմ ձայնով:

Մինչև քվեարկությունը ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծին կողմ են քվեարկում միայն այն պնդումներին հավատալով, որ սա չի բերելու տնտեսվարողների համար լրացուցիչ ծախսերի ավելացման:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ կալորիականության խնդիրն արդիական է, և անհրաժեշտ է, որ մատակարարը կալորիականության ցուցանիշը տրամադրի տնտեսվարողին, ինչից կշահեն առաջին հերթին սպասարկվողները, նաև տնտեսվարողները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տվյալ նախագիծը հարկային բեռի ավելացում չի նախատեսում, անգամ հաշվարկի լրացման հետևանքով հարկային բեռը նվազում է, իսկ թե գազալցակայաններն ինչպես կվարվեն հետագայում, դա արդեն, ըստ նրա, օրենքի հետ կապ չունի:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերն առաջին ընթեցմամբ ևս ԱԺ-ն ընդունեց միաձյան՝ 103 կողմ ձայնով:

Նշենք, որ նախագծի` երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում: