Քնից առաջ հանգստացնող երաժշտություն լսելը պաշտպանում է սիրտը. ուսումնասիրություն


05:05 , 8 ապրիլ, 2019

Գերմանիայի սրտանոթային հետազոտությունների կենտրոնի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ քնից առաջ լիցքաթափող հանգստացնող երաժշտությունը դրականորեն է ազդում սրտի առողջության վրա, նվազեցնում է անհանգստությունը և նպաստում է տրամադրության բարելավմանը:

Մասնագետների կարծիքով՝ սրտի ռիթմի բարձր փոփոխականությունը ցույց է տալիս, որ կոնաձև մկանային օրգանը կարող է հարմարվել փոփոխություններին:

Ուսումնասիրության մեջ ընդգրկվել են միջինը 26 տարեկան 149 առողջ մարդ: Գիտնականներն ուսումնասիրել են քնից առաջ հանգստացնող երաժշտության ազդեցությունը սրտի վրա և համեմատել փոփ երաժշտության հետ՝ ներառյալ լռության ազդեցության վերլուծությունը:

Սրտի ռիթմի փոփոխականությունը չափվել է երաժշտություն միացնելուց կամ լռությունից 5 րոպե առաջ, 10 րոպեի ընթացքում, ինչպես նաև ավարտից հինգ րոպե անց: Բացի այդ՝ անհանգստության մակարդակը չափվել է Գոլդբերգի թեստով սեանսից առաջ և հետո: Արդյունքները ցույց են տվել, որ հանգստացնող երաժշտություն լսող խմբում սրտի հարմարվողականությունն ավելացել է, սակայն նվազել է երկրորդ խմբի կամավորների մոտ: Ինչ վերաբերում է լռությանը, ապա ցուցանիշները նույն մակարդակի են եղել: Ընդհանուր առմամբ, մասնակիցները հանգստացնող մեդիտացիոն երաժշտությունից հետո իրենց ավելի լավ են զգացել, քան փոփ երաժշտությունից հետո:

«Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ իրականացնել երաժշտական միջամտությունների սրտանոթային համակարգի վրա թողած ազդեցությունները լիովին պարզելու համար: Կասկած չկա, որ մեդիտացիոն հանգստացնող երաժշտություն լսելը էժան և մատչելի թերապիա է, որը միայն օգուտ է տալիս սրտին»,- նշել են գիտնականները: