Անգլիայում մի մարդ մեկ տարում նիհարեց 108 կիլոգրամով և դարձավ հեծանվորդ, հաղորդում է Daily Mail-ը:
Բլեքբորն քաղաքի բնակիչ Քրեյգ Մուդին 41 տարեկանում կշռում էր 209 կիլոգրամ: Պատճառն ամենօրյա սենդվիչները, չիպսերն ու կարկանդակներն էին, որ գնում էր մոտակա սրճարանից: Այսպես նա ամեն օր 8 հազար կալորիա էր կլանում: Իսկ հանգստյան օրերին դրան ավելանում էր 10 լիտր գարեջուրը:
Երբ երեք շաբաթով հայտնվեց հիվանդանոցում, բժիշկն ասաց, որ նրանից առաջ նույն կազմվածքով երկու տղամարդ են բժշկի դիմել և երկուսն էլ մահացել են:
Քրեյգը հասկացավ, որ իր կյանքում ինչ-որ բան է պետք փոխել: Արդեն հիվանդանոցում նա սկսեց միայն աղցան և մրգեր ուտել: Տուն վերադառնալով՝ մարդը կալորիաների օրական չափաբաժինը հասցրեց 1500-ի և սկսեց առողջ սնունդ օգտագործել:
Բացի այդ, Քրեյգը սկսեց նաև սպորտով զբաղվել:
Այժմ անգլիացին կշռում է 101 կգ, սիրում է քայլել և հեծանիվ վարել: