Նատալյա Օրեյրոն ստացավ հայկական զարդանախշերով նվերներ, խոսեց ու երգեց հայերեն և կիսվեց Հայաստանի մասին տպավորություններով


15:15 , 6 ապրիլ, 2019

Արգենտինացի երգչուհի Նատալյա Օրեյրոն Երևանում է և պատրաստվում է վաղվա կայանալիք մենահամերգին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհին կիսվել է Երևանի մասին տպավորություններով, խոսել կայանալիք համերգի և ստացած նվերների մասին: Ասուլիսի սկզբում երգչուհին լրագրողներին հայերեն ողջունեց, բայց խոստացավ համերգի ժամանակ ավելի շատ հայերեն բառեր սովորել, որպեսզի շփվի հանդիսատեսի հետ: 

«Ինձ համար շատ յուրահատուկ պահ է, քանի որ առաջին անգամ եմ Հայաստանում: Ձեր մշակույթն ինձ շատ հարազատ է, որովհետև ես անընդհատ լսել եմ ձեր պատմության, նույնիսկ խոհանոցի մասին, և իմ ընտանիքի համար շատ առանձնահատուկ պահ է այստեղ գտնվելը: Երևան ժամանելուց հետո ամբողջ օրը քնել եմ, քանի որ վերադարձել է իմ համերգային արշավից, բայց ամուսինս և երեխաս ամբողջ քաղաքով պտտվել են: Նրանք գնացել են ամենահին տաճարը՝ Գառնի, որտեղից երկար հաց (լավաշ) էին բերել, որն ամբողջ գիշեր կերել ենք»,- նշում է երգչուհին։

Հայերեն երգել չի պատրաստվում, ասում է՝ գուցե փորձի ու ձախողվի, այդ կերպ վիրավորելով հանդիսատեսին։ Սակայն դա նրան չխանգարեց, որպեսզի հենց ասուլիսի ժամանակ էքսպերիմենտ անի։ Թարգմանչի օգնությամբ երգչուհին թարգմանեց ու հայերեն կատարեց իր ամենահիթային «Cambio dolor» երգը։ Ընթացքում էլ մի քանի հայերեն նոր բառեր սովորեց՝ «շատ կուզեմ», «խնդրեմ», «հաջող» և այլն։ Ի զարմանս շատերի, երգչուհին հեշտությամբ կարողացավ յուրացնել հայերենը։ 

Երգչուհու օրվա գրաֆիկը հագեցած է. ասուլիսից հետո պետք է մասնակցի UNICEF-ի ժողովին, քանի որ հանդիսանում է բարի կամքի դեսպան. «Վերջերս Արգենտինայում կայացած ժողովի ժամանակ քննարկվեց Հայաստանին ֆինանսավորում տրամադրելու մասին խնդիրը»:

Բոլորը շատ լավ հիշում են «Վայրի հրեշտակ» սերիալը, որտեղ Նատալյան գխավոր դերում էր: Նշում է, որ միշտ է ցանկացել դերասանուհի դառնալ, բայց երբեք նպատակ չի ունեցել, իր մայրենի լեզվից բացի, այլ լեզվով ներկայանալու․ «Լոս Անջելեսում աշխատելու հնարավորություն ունեցել եմ, մասնավորապես՝ ձայնասկավառակների վրա եմ աշխատել, իսկ այն կերպարները, որոնք առաջարկում էին ամերիկացիները, ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէին: Ես միշտ երազել եմ, որ իմ արվեստը ճանաչեն ամբողջ աշխարհում»:

Շատերին էր հետաքրքրում` ինչպիսի հարաբերությունների մեջ է այսօր «Վայրի հրեշտակի» իր խաղընկերոջ` Ֆակունդո Արանայի հետ. «Շատ լավ ընկերներ ենք: Օրերս նրա ծնունդն էր, ես էլ համերգի էի: Հենց տեղում զանգահարեցի նրան ու հանդիսատեսի հետ միասին բարձր ու ուրախ շնորհավորեցինք նրան... Նրան շատ են սպասում տեսնել իմ ելույթներին: Հուսով եմ` մի օր ինձ հետ կգա, թե չէ անարդար է ստացվում, պարտադիր իմ իրերին ավելանում է ևս մի ճամպրուկ է` նախատեսված նրա համար: Թող գա ու վճարի դրա համար»,- իրեն բնորոշ անմիջականությամբ ու հումորով նշեց դերասանուհին:

Ի դեպ, երգչուհին իր հայտնի «Cambio dolor»-ից մի հատված երգեց հայերեն, ինչպես նաև ստացավ հայկական զարդանախշերով գոտի, պայուսակ, փորձեց հայկական սուջուխը: Այս բազմաթիվ նվերների հետ երգչուհին ստացավ նաև հայկական անձնագիր, որպեսզի մյուս այցերի ժամանակ հանգիստ կարողանա գալ. սա, իհարկե, կատակ էր: 

_H2A3826 copy.jpg_H2A3936 copy_H2A4003 copy _H2A3945 copy

 Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի