Մեքսիկայի նոր գումարման օրենսդիր մարմինը շահագրգիռ ՀՀ ԱԺ-ի հետ կապերի սերտացման հարցում


22:00 , 5 ապրիլ, 2019

168.am-ը գրում է․

Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն ապրիլի 4-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Մարտի Բատրես Գուադառամայի (Martí Batres Guadarrama) հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Կողմերը մտքեր փոխանակեցին երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ։ Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը։ Դեսպան Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը՝ Մեքսիկայի օրենսդիրների հետ արդյունավետ փոխգործակցության զարգացման առումով։

Գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ոլորտում նկատելի ակտիվությունը, կողմերը քննարկեցին Հայաստանի Ազգային ժողովի և Մեքսիկայի Սենատի միջև արդյունավետ համագործակցության հետագա շարունակմանն առնչվող հարցեր։ Այդ առնչությամբ կարևորվեցին համապատասխան իրավական դաշտի կիրառումը և բարձրաստիճան փոխայցերի իրականացումը։

Սենատի նախագահ Մարտի Գուադառաման փաստեց Մեքսիկայի նոր գումարման օրենսդիր մարմնի շահագրգռվածությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ կապերի սերտացման առումով՝ խոստանալով ամենայն աջակցություն ցուցաբերել բարձրացված հարցերը կյանքի կոչելու գործում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգը զարգացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։