Հայստանը դե յուրե պառլամենտական երկիր է, իսկ դե ֆակտո՝ անհասկանալի մի բան


18:54 , 5 ապրիլ, 2019

Որքանով հիշում եմ, Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է։ Նման երկրներում հանրային-քաղաքական կյանքի ամենակարևոր կազմակերպությունները կուսակցություններն են։ Այսինքն, երբ կան հանրային տրամադրությունները և վստահությունն արտահայտող քաղաքական կազմակերպություններ, ապա այդ համակարգը սկսում է գործել, եթե չկա, ապա ինչ-որ բան այն չէ։ Եթե չկան նման կազմակերպություններ, դա նույն բանն է, որ գնաք գարեջրատուն, և ձեզ ասեն, որ գարեջուր չունեն ու առաջարկեն տոմատի հյութ։

Բրիտանիայի 19-րդ դարի նշանակալի քաղաքական դեմքերից մեկը՝ վարչապետ Բենջամին Դիզրաելին, տվել է կուսակցության յուրահատուկ մի սահմանում․ «Կուսակցությունը կազմակերպված հանրային կարծիք է»։

Հիմա անհասկանալի է, թե ինչ հանրային կազմակերպված կարծիքներ կան, և ովքեր են այդ կարծիքներն արտահայտում։

Եթե այդ ամենը չկա, ապա անհասկանալի է, թե «Հայաստանի քաղաքական կյանք» ասվածն ինչ է իրենից ներկայացնում։

Եթե չեմ սխալվում, Հայաստանում կա կառավարող կուսակցություն, որի անունն է «Քաղաքացիական պայմանագիր», որի մասին բոլորս մոռացել ենք, սակայն պառլամենտական կառավարման մոդելի երկրներում իշխող կուսակցությունները ոչ միայն 5 տարին մեկ ընտրությունների են մասնակցում, այլև այդ ընթացքում կարևորագույն դերակատարություն են ստանձնում։

Ի՞նչ եմ ուզում ասել․ Հայաստանը դե յուրե պառլամենտական երկիր է, իսկ դե ֆակտո՝ անհասկանալի մի բան։

Ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ մտահոգված է ֆեյքերով ու մամուլով։ Բա ինչի՞ց մտահոգվի, որ ո՛չ իշխող կուսակցություն կա, ոչ էլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք զգալի հանրային վստահություն ունենան։

Ֆեյք կառավարման համակարգի հիմնական խնդիրն իր նման ֆեյք հանրային կարծիքը կարող է լինել՝ իշխող անձը տարաբնույթ անձերի դեմ է պայքարում։