Կառավարության նիստը բացառիկ թեթևամտությամբ ու անտեղյակությամբ քննարկեց գազի գնի հարցը


10:56 , 5 ապրիլ, 2019

Կոտոլյան - Գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկով գազի խտությունը եղել է 7.1, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Հայռուսգազարդից» գազի միջին խտությունն աճել է՝ դառնալով 7.9, հետևաբար տնտեսվարողները համապատասխան ծրագրային փոփոխություններ պետք է անեին, որը չեն արել, արդյունքում սպառողներն ավելի են վճարել (հավանաբար կգ/մ³):

Ավտոմեքենայի լիցքավորման խտությունը կապված չէ «Հայռուսգազարտից»-ից մատակարարվող գազի խտության հետ, ոչ մի ձևով կապված չէ:

Անանյան - Տեսականորեն հնարավոր է: Գազալցակայանները հնարավորություն ունեն և՛ խմ-ով, և՛ կգ-ով ցուցմունքն ապահովելու: Այդ ցուցմունքն ամեն առավոտյան մուտք է արվում համակարգ:

Սրանից եզրակացնում ենք, որ կառավարությունն ուզում է հաշվարկային զանգվածն ինչ-որ բանաձևով արտահայտել հաշվարկային ծավալով, այսինքն՝ «քաչալ հասանի» տեղ ասել «հասան քաչալ»:

Այս հարցը քննարկում է կառավարությունն իր նիստում, ու մասնակիցներից ոչ մեկը գլխի չէ, որ հարցը բացարձակ անհասկանալի է իրեն: Կամ մտածում են, թե իրենք բութ են, չեն հասկանում, բայց մյուսները երևի հասկանում են ու սուսն են ընկնում:

Վարչապետն էլ իր անհասկացողությունը փարատելու համար, փոխանակ պարզաբանումներ պահանջելու, սկսեց ծնոտները փշրել: Այ եղբայր, ախր չի կարելի էսպիսի դիլետանտությամբ երկիր կառավարել: Հավանաբար բոլոր բնագավառներում էս վիճակն է:

Կասկածում եմ, թե նյութին հենց այպես էլ տիրապետում են օրենսդիրները, որոնք շուտով այս մասին օրենք են ընդունելու: Հորդորս է օրենսդիրներին՝ մասնագետներից խորհրդատվություն խնդրեք: Թեկուզ դիմեք համալսարանի մոլեկուլյար ֆիզիկայի ամբիոն: Նրանք կարող են և տեսականորեն բավական մեծ ճշտությամբ որոշել լիցքավորած գազի զանգվածը գործող աշտարակներում կամ սարքեր նախագծել դրա համար:
Պակաս կարևոր չէ նաև մեկ կգ գազի գինը որոշելը:

Իսկ ամենապարզը՝ կշեռքներ տեղադրեք լիցքավորման կայաններում, որտեղ կկշռվեն մտնելիս ու ելնելիս: