«Հրապարակ». Արցախյան հարցում ընդամենը մեկ նախադեպ կարող ենք մոտավոր հիմք ընդունել` Կոսովոյինը. Հովհաննես Իգիթյան


10:10 , 5 ապրիլ, 2019

«Գոլանի տարածքներն իսրայելական ճանաչելու քայլը հնարավո՞ր է նախադեպ դառնա ղարաբաղյան խնդրում՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանին։ «Չի կարող»: Ինչո՞ւ։ «Կոնֆլիկտներն ունեն տարբեր «ծագումնաբանություններ», չեմ կարծում, որ մենք՝ որպես նախադեպ, առանձին կոնֆլիկտները պետք է դիտարկենք։

Պետք է դիտարկենք ընդհանուր մոտեցումները, ընդամենը 1 նախադեպ կարող ենք մոտավոր հիմք ընդունել` Կոսովոյինը, որտեղ անկախության գաղափարն սկսվեց այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը չկարողացավ Կոսովոյի անկախության համար գտնել այնպիսի բանաձեւ, որն անվտանգություն կապահովի ոչ միայն այնտեղ ապրող մեծամասնության, այլև փոքրամասնություն սերբերի համար։

Կիրառվեց վերջինիս միջազգային սուբյեկտ դարձնելու սկզբունքը։ Պետք է ընդունել այս մոտեցումը, որովհետեւ նույն` անվտանգության խնդիրը՝ որպես առաջնահերթություն, ունենք նաեւ ԼՂ-ում, որովհետև հարցը միայն հողը չէ, այլ թե այնտեղ ապրող քաղաքացու անվտանգությունն ինչպիսին պետք է լինի»,-գրում է թերթը: