«Հրապարակ». Արմեն Սարգսյանը որոշել է ազատվել Բաղրամյան 26-ի ոսկեզօծ ինտերիերից
09:15 , 5 ապրիլ, 2019
«Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում: Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին: Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին, այնպես, ինչպես բյուջեի հաշվին ձեռք բերեց նոր ու շքեղ Mercedes-Maybach-ը:
Մեր տեղեկություններով` Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինետից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, և տեղափոխվել այլ աշխատասենյակ:
Բացի այդ, բրիտանական նուրբ ու արիստոկրատ ճաշակ ունեցող նախագահին դուր չի գալիս նախագահականի ոսկեզօծ, թանկ ու ձևավոր նախշերով նորոգումը, ուստի մտադիր է նորոգել այն՝ ավելի ավանգարդ ոճ հաղորդելով դահլիճին ու առհասարակ շենքին:
Մեր տեղեկությունները նորոգումների մասով նախագահականից չհերքեցին. «Հանրապետության նախագահն օգտագործում է նախագահական նստավայրի վարչական շենքի Հայաստանի Հանրապետության նախագահի համար նախատեսված աշխատասենյակները: Տարվա ընթացքում ծրագրվում է ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների շրջանակում և հնարավոր տնտեսումների հաշվին մասնակի վերանորոգում իրականացնել հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ հատկապես միջանցքներում և դահլիճներում, որտեղ անցկացվելու են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ»»,-գրում է թերթը: