09:26 , 18 հունիս, 2013
Կանադական թերթերը որպես լուր տեղեկացնում են. Կանադական Մոնրեալի քաղաքապետը կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով: Այո՛, տեղեկացնում են, ոչ թե այս ինֆորմացիայից սարքում մի մղձավանջային իրավիճակ: Այնտեղ ամեն ինչին շատ հեշտ են նայում. կաշառք է վերցրել պաշտոնյան, ուրեմն պետք է նստի՝ անկախ նրանից` քաղաքապետ է նա, թե վարչապետ: Եկեք մի պահ պատկերացնենք, որ մեզ մոտ բարձրաստիճան որևէ պաշտոնյայի ա՛յ այսպես օրը ցերեկով բռնեն կաշառք վերցնելուց ու կալանավորեն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աժիոտաժ կսկսվի մեզ մոտ: Ես առաջարկում եմ աժիոտաժի տարբերականերից մեկը` ըստ իմ պատկերացման, այսինքն, թե էտապ առ էտապ ինչպիսի զարգացումներ կլինեին մեզ մոտ: Եվ այսպես, գնացինք.
• Քայլ առաջին-ամբողջ մամուլը կսկսեր գունավոր նկարագրել այդ երևույթը:
• Քայլ երկրորդ-բոլորը կսկսեին հարց տալ` արդյոք սա ո՞ւմ պատվերն է:
• Քայլ երրորդ-քաղաքական վերադասավորումների հնարավոր սցենարների առաջ քաշում, ընդհուպ մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ:
• Քայլ չորորդ-մեղադրյալի դատապաշտպանները կսկսեին վախեցնել Եվրոդատարանով:
• Քայլ հինգերորդ-ժողովրդին կպատեր անհասկանալի անհանգստություն:
• Քայլ վեցերորդ (ամենահավանական)- ինչպես դա մեզ մոտ հաճախ է լինում, դատը կձգձգվեր տարիներով, և այն փաստը, որ պաշտոնյային հենց տեղում են բռնել՝ գումար վերցնելուց, բավարար չէր լինի դատավճիռ կայացնելու համար:
• Քայլ յոթերորդ-անմիջապես չգիտես, թե որտեղից ամբաստանյալի մոտ կհայտնվեր համախոհների մեծ բանակ, որոնք, քաղաքականացնելով հարցը, կփորձեին այն մտցնել փակուղի:
Հարգելի ընթերցող, քայլերը շատ են, ուղղակի ես չէի ուզենա ձեր համբերությունը չարաշահել: Մենք ուղղակի պետք է սովորենք հանգիստ տանել նմանատիպ կալանքները, մենք պետք է հասկանանք, որ հանցագործը հանցագործ է, և քաղաքականացնել նրա հանցագործությունը շատ անհեռանկարային զբաղմունք է:
Հիշեցում. Մոնրեալի ոստիկանության` կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցները կալանավորել են քաղաքապետ Մայքլ Էփլբաումին: Բացի նրանից` ձերբակալվել է ևս երկու մարդ, որոնց անունները չեն հաղորդվում:
Ինչպես գրում է RBK-ն, Էփլբաումն իր պաշտոնը զբաղեցրել է 2012-ի նոյեմբերին և առանձնապես չի հասցրել իրեն դրսևորել որպես քաղաքապետ, իսկ միջազգային մամուլի ուշադրությունն իր վրա էր սևեռել միայն այն պատճառով, որ Մոնրեալի քաղաքապետի պաշտոնում առաջին հրեան էր:
Հավելենք, որ Մոնրեալի նախորդ քաղաքապետ Ժերալդ Տրամբլեն հրաժարական էր տվել, երբ նրան կոռուպցիայի մեջ մեղադրել էր իր նախկին կուսակից Մարտին Դյումոնը, ով հայտարարել էր, որ նա առնչություններ ունի սիցիլիական մաֆիայի հետ:
replik.am