Իսպանիայում հոգևորականները քաղաքացիներին տասը տարի բուժել են միասեռականությունից


20:20 , 4 ապրիլ, 2019

Իսպանիայում դատարանը քննում է հոգևոր սպասավորների գործը, որոնք զբաղվել են միասեռականության բուժմամբ։ «Թերապիային» հաճախել են նաև անչափահաս երեխաներ, հաղորդում է Eldiario.es-ը։

Պարզվել է, որ Մադրիդի մերձակայքում գտնվող Ալկալա դե Էնարես քաղաքի հոգևոր սպասավորները՝ եպիսկոպոսի գլխավորությամբ, 2009-ից տղամարդկանց՝ միասեռականությունից դարձի գալու «թերապիաներ» են անցկացրել։

Աղոթքի, ներշնչման, Աստվածաշունչ ուսումնասիրելու միջոցով հոգևորականները տղամարդկանց փորձել են ստիպել փոխել ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, հրաժարվել կանացիությունից և վերադարձնել առնականությունը։

Այդպիսի հանդիպումներին մասնակից տղամարդկանցից մեկն ասել է, որ դրանցից հետո ինքնախարազանմամբ է զբաղվել։ Տղամարդը ստիպված է եղել դիմել իսկական բժիշկ-հոգեթերապևտի։

Միջոցառումների բոլոր կազմակերպիչներն այժմ հետաքննությամբ անցնող անձինք են։ Նրանց մեղադրում են հոմոֆոբիայի մասին օրենքը խախտելու մեջ, ինչպես նաև կասկածում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։