Արտակ Զեյնալյանի համոզմամբ, կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն


19:30 , 3 ապրիլ, 2019

168.am-ը գրում է.

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 3-ին Քննչական կոմիտեում մասնակցել է ՄԻԵԴ-ի և Հայաստանի վճռաբեկ դատարանի 2007-2017 թվականների արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսին:

Ինչպես  տեղեկացրեցին   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղեցույցը կազմել են Քննչական կոմիտեի նախագահ, ի.գ.թ. Հայկ Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանը և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը:

Նախարարը շնորհավորել է հեղինակներին ձեռնարկի շնորհանդեսի կապակցությամբ, այնուհետ նշել, որ «անձի ազատության կանխավարկածն ապացուցման անհրաժեշտություն չունի» բանաձևն անձի կալանավորման հարցի քննարկման առանցքն է: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այն տարիներ շարունակ կայուն նախադեպային իրավունքի միջոցով ամրագրվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում:

«Բարձր դատարանների իրավաբանությունը անհրաժեշտ և բավարար նախադրյալներ է ստեղծել կալանավորման ինստիտուտի ողջամիտ ու հավասարակշռված կիրառության համար: Պրակտիկան, ցավոք, դեռևս հակառակ պատկերն ունի»,- նշել է նախարար Զեյնալյանը՝ ավելացնելով, որ թեև  Գլխավոր դատախազության կողմից հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2017թ-ի համեմատ արձանագրվել է խափանման միջոց կալանավորման կիրառման միջնորդությունների նվազում` մոտ 4.9 տոկոս` այն դեպքում, երբ մեղադրյալների թիվը մոտ 9.7 տոկոսով աճել է, որը փաստում է նաև Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը, սակայն անելիքներ դեռ կան:

Արտակ Զեյնալյանը կարևորել է նման ուղեցույցերի մշակումը, բարձր գնահատել կատարված հսկայածավալ աշխատանքը և հույս հայտնել, որ այն կհամալրի քննիչների, դատախազների և դատավորների, ինչպես նաև՝ փաստաբանների, իրավապաշտպանների, լրագրողների մասնագիտական գրադարանը, ավելին՝ կծառայի իր նպատակին և ուղեցույց կդառնա կալանավորման հարցի քննարկման և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ:

«Կալանավորումը պատժի տարրեր չի պարունակում. այն պատշաճ վարքագծի ապահովման միջոց է: Այնուամենայնիվ, իր կատարման խստությամբ կալանավորումը չի զիջում ազատությունից զրկելու ձևով կիրառվող պատժատեսակներին, ուստի, Արդարադատության նախարարությունը, կարևորելով կալանավորված անձանց երաշխավորված իրավունքների ապահովումը, հաջորդաբար իրականացրել և շարունակում է իրականացնել բարեփոխումներ»,- ընդգծել է նախարարը և ներկայացրել դրանցից մի քանիսը:

Երևանի 4 և մարզերի 3 բժշկական կենտրոններ ունենալու են կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ:

Նախարարի խոսքով՝ նշված բարեփոխումներից բացի՝ Արդարադատության նախարարությունը կարևորում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որում ամրագրված են կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման այլ միջոցներ՝ այդ թվում նաև էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառում: «Մեր բոլորի ջանքերը միտված են մի վերջնարդյունքի, որ կալանավորումը կիրառվի իսկապես բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ այլ միջոցներով ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում»,- ասել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ պետք է սկսենք կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված պահանջն այն մասին, որ կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն: