Ստամբուլը «ոչ» ասաց Էրդողանին. Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները


21:50 , 1 ապրիլ, 2019

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻմ ընտրություններին արդեն անդրադարձել եմ և չեմ ցանկանում կրկնել, սակայն ամենաինտրիգային իրավիճակը ստեղծվել էր Թուրքիայի և աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկում՝ Ստամբուլում, որտեղ մինչև այսօր առավոտյան Էրդողանի կողմնակիցները հույս ունեին, որ հաղթանակ են տոնել։ Սակայն քիչ առաջ Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփեց երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, և վերջնականապես պարզ դարձավ, որ Էրդողանի հույսերը հօդս ցնդեցին։

Թուրքիայի տնտեսական և մշակութային մայրաքաղաքում հաղթանակ են տարել Էրդողանին ատելի քեմալականները՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա Թուրքիայի ամենահարուստ նահանգի ղեկավարը։ Քեմալականներին ձայն է տվել ընտրողների 48,79 տոկոսը, իսկ Էրդողանի հարազատ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ 48,51 տոկոսը։ Այսպիսով՝ Էրդողանի երազանքները` Բինալի Յըլդըրըմին կարգել Ստամբուլի քաղաքապետ, այդպես էլ երազանք կմնան։ Էրդողանի համար ցավալի պարտություն էր նաև Անկարայի «կորուստը», որտեղ 1994 թ․-ից ի վեր իշխանությունը գտնվում էր նրա կողմնակիցների ձեռքում։ Այժմ Անկարան անցավ քեմալական Մանսուր Յավաշի վերահսկողության տակ։ ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն` Ռեջեփ Էրդողանը և նրան սատարող ազգայնական ֆաշիստներն՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունից, հաղթել են հիմնականում «գյուղական» 50 նահանգներում։

Էրդողանի և նրան սատարող ահաբեկիչների պարտությունը խոշորագույն և հարուստ քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Իզմիրը, Անկարան, Ադանան, Անթալիան, բավականին մեծ խնդիրներ և հետևանքներ կստեղծեն մոտ ապագայում բռնապետ Էրդողանի համար։ Չի բացառվում, որ խոշորագույն քաղաքներում կրած այս պարտությունները հետագայում կազդեն նաև հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Հավելեմ, որ Էրդողանը և նրան սպասարկող «Ազգայնական շարժում» կուսակցությունը պարտություն կրեցին նաև Հայաստանին սահմանակից Կարսում և Իգդիրում, որտեղ հաղթանակ է տարել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։