«Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան ապրիլի 30-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երաժիշտը Երևանում եղել է 2017–ին` Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային ջազ փառատոնի փակմանը։
Հայ հանդիսատեսը կրկին ջազի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին լսելու հնարավորություն կունենա շնորհիվ Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո փրոդաքշընի»։ Ի դեպ, համերգին երաժիշտը ելույթ կունենա տրիոյով` Մեթյու Բրուերի և Էրիկ Հարլենդի հետ։
Ծնվելով երաժիշտների ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքներ: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` «Nocturne»-ը (2001թ.) և «Land of the sun»-ը (2004թ.), արժանացել են «Գրեմմի» մրցանակի: