ՏԻՄ ընտրությունների արդյունքները Թուրքիայում. ադրբեջանցիները պարտվեցին Կարսում և Իգդիրում


11:07 , 1 ապրիլ, 2019

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Թուրքիայի ԿԸՀ-ն այս պահի դրությամբ ավարտել է քվեաթերթիկների 99,01 տոկոսի հաշվարկը, որի համաձայն` ՏԻՄ ընտրություններում հաղթում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից առաջնորդվող «Ժողովրդի միություն» դաշինքը («Արդարություն և զարգացում կուսակցություն» + «Ազգայնական շարժում կուսակցություն»), որը ստացել է ընտրողների ձայների 51.67 տոկոսը: Երկրորդ հորիզոնականն է զրաղեցրել «Ազգ միությունը» («Ժողովրդահանրապետական կուսակցություն»+ «Իյի» կուսակցություն )՝ 37.53 տոկոս ձայնով: Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ 4,22 տոկոս ձայնով, որը, պետք է նշեմ, բավական վատ արդյունք է, եթե հաշվի առնենք, որ 2018 թ․-ի հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում այն ստացել էր ընտրողների ձայների 11.62 տոկոսը:

Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող դաշինքները գրեթե նույնքան ձայն են հավաքել, որքան վերջին նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ինչպես և սպասվում էր, Էրդողանին և ազգայնականներին հաջողվել է հաղթանակ տանել խոշոր քաղաքներից Ստամբուլում, Տրաբզոնում և հիմնականում տնտեսապես թույլ զարգացած գյուղական նահանգներում:

Ստամբուլում Էրդողանի հաղթանակը բավական «թույլ» է՝ 48,70 տոկոս այն դեպքում, երբ քեմալականները ստացել են ընտրությանը մասնակցածների ձայների 48,65 տոկոսը: 2018 թ․-ին նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ քեմալականների և «Իյի» կուսակցության հետ դաշինք կազմած «Սաադեթ» կուսակցությունը ստացել է 1,22 տոկոս: Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակ է տարել 40 նահանգում, որորնց մեծ մասում չի հավաքել 50 տոկոս ձայն: Նույն վիճակն է նաև Էրդողանին սատարող «Ազգայնական շարժում» կուսակցության ֆաշիստների կողմից հաղթանակ տարած 11 նահանգներում: 

Քեմալականների Ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթանակ է տարել 21 նահանգներում, որոնցից շատերը համարվում են զբոսաշրջային կենտրոններ և տնտեսապես բավական զարգացած են՝ Անկարան, Իզմիրը, Մուղլան, Այդընը, Ադանան, Անթալյան, Մերսինը և այլն: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հաղթանակ է տարել երկրի 8 նահանգներում:

Ուշագրավ է անդրադառնալ Հայաստանին սահմանակից և Արևմտյան Հայաստանի ընտրողների նախասիրություններին: Հայաստանին սահմանակից 2 նահանգներում էլ՝ Կարսում և Իգդիրում, Էրդողանին սատարող ուժերը պարտվել են: Երկու նահանգներում էլ առաջին հորիզոնականը զբաղեցնում են քրդամետները: Կարսում նրանց ձայն է տվել ընտրողների 29,54 տոկոսը, իսկ Իգդիրում՝ 50,09 տոկոսը: Հավելեմ, որ և՛ Կարսում, և՛ Իգդիրում բավական ուժեղ դիրքեր ունեն ադրբեջանցի-թուրքերը, ովքեր ընտրությունների ժամանակ կատարում են Բաքվից հնչող հրահանգները և գրեթե մշտապես պաշտպանում են ազգայնականներին:

«Ազգայնական շարժում» կուսակցության, Էրդողանի և պաշտոնական Բաքվի համար հատկապես ծանր է համակերպվել Կարսում գրանցված արդյունքների հետ, քանի որ 2014 թ․-ի ընտրությունների ժամանակ նրանք այդտեղ հաղթանակ էին տարել, իսկ Կարսում քաղաքապետ էր դարձել մոլի հակահայ տեղացի ազերիներից մեկը:
Արդահանում, Արտվինում, Դերսիմ-Թունջելիում հաղթել են Էրդողանին ընդդիմադիր քեմալականները: 

Վանում, Սիիրտում, Հակյարիում, Բաթմանում, Մարդինում և Դիարբեքիրում հաղթել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Բայբուրդում և Էրզինջանում հաղթել է «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Արևմտյան Հայաստանի մաս կազմող մյուս նահանգներում հաղթել է Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանն այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները դրական է գնահատել իրեն սատարող ուժերի համար, բոլորն էլ հասկանում են, որ այն շատ թույլ է: Էրդողանը, բացի Ստամբուլից, հիմնականում հաղթել է «գյուղական և հետամնաց» նահանգներում, հիմնականում պարտվել ռազմավարական նշանակություն ունեցող այն նահանգներում, որոնք սահմանակից են Հունաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին: