Թրամփի հայտարարությունը՝ Գոլանի բարձրունքների վրա Իսրայելի սուվերենիտետը ճանաչելու մասին, կարելի է բեկումնային համարել միջազգային քաղաքական իրողություններում


02:44 , 27 մարտ, 2019

ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը՝ Գոլանի բարձրունքների վրա Իսրայելի սուվերենիտետը ճանաչելու մասին, կարելի է բեկումնային համարել միջազգային քաղաքական իրողություններում, որն, անշուշտ, կարևոր է մեզ համար։ Առաջին հերթին այն կոտրում է տարածքային ամբողջականություն հասկացության կարծրատիպային մեկնաբանությունը։ Ստացվում է, որ որոշակի պայմաններում պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության, նաև խաղաղության պահպանման անհրաժշտությունը կարող է և հանգեցնել տարածքային ամբողջականության խախտման։ Առաջին հերթին մեզ համար կարևոր է նման միջադեպերն օգտագործել ղարաբաղյսն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Եթե տասնամյակներ շարունակ հայրենի հող, պատմական արդարություն, մարդու իրավունքներ, ազգային ինքնորոշում և այլ դրույթներ այդպես էլ չի հաջողվում տեղ հասցնել, ապա անվտանգության ապահովման, կայունության պահպանման և պատերազմի բռնկման կանխման անհրաժեշտությունը գուցե և տեղ հասնի։ Համանախագահող մեծ տերությունները միգուցե այսպիսի մոտեցմամբ հասկանան ներկա դե ֆակտո սահմանների պահպանման կարևորությունը։