Սամվել Ֆարմանյան. «Մրցակցիս հրավիրում եմ միասին ֆուտբոլ դիտելու»


00:22 , 17 ապրիլ, 2012

Երկու 90 րոպե, որ հաճույք կպատճառեն բոլորիս և կստիպեն կտրվել նախընտրական թոհուբոհից ու լարվածությունից: Վաղը և հաջորդ օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն են՝ Բավարիա-Ռեալ և Չելսի- Բարսելոնա: Իմ անձնական համակրանքը երկու պարագաներում էլ իսպանական գրանդակումբների կողմն է:

Ես հրավիրել եմ մեր՝ Նոր Նորքի N2 ընտրատարածքում առաջադրված իմ մրցակից թեկնածու Վլադիմիր Կարապետյանին՝ մասին դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումները:

Սպորտը, առավել ևս ֆուտբոլը, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում միավորել է մարդկանց, անգամ ամենաոխերիմ հակառակորդներին: Շատ ուրախ կլինեմ, եթե պարոն Կարապետյանը համաձայնություն տա իմ նախաձեռնությանը և լինի' մեր ընտրատարածքում, լինի' որևէ Կենտրոնի որևէ սպորտբարում միասին դիտենք հանդիպումները:

Կարծում եմ այն կլինի մի փոքրիկ, բայցև կարևոր ազդակ և մեր աջակիցներին և մեր բնակիչներին, որ մենք ընդամենը քաղաքական մրցակիցներ ենք, իսկ կյանքը շատ ավելի լայն է, ու այն ոչ սկսվում և ոչ էլ ավարտվում է ընտրություններով:

Մենք, որպես նոր սերնդի գործիչներ, կարող ենք, ու իմ կարծիքով պարտավոր ենք դա անել, ինչքան էլ նախատողներ լինեն: Դա, իմ կարծիքով, շատ ավելին կարժենա, քան իմ կամ իմ մրցակցի հնարավոր հաղթանակը: