Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զարլանդ երկրամասի խորհրդարանում և համալսարանում


18:50 , 22 մարտ, 2019
Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Զարլանդի համալսարանում և Զարլանդ երկրամասի խորհրդարանում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Զարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են բուհի գիտահետազոտական կենտրոններին, կատարվող աշխատանքներին, քննարկումներ են տեղի ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և իրենց հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Զարլանդի և Երևանի պետական համալսարանների միջև:

Երկրամասի խորհրդարանում հայկական պատվիրակության անդամներին ընդունել է խորհրդարանի ղեկավար Շտեֆան Տոսկանին: Նա, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել հայաստանցի խորհրդարանականներին: Պատվիրակության անդամները ծանոթացել են խորհրդարանի աշխատանքներին, մտքեր փոխանակել միջխորհրդարանական կապերի ակտիվացման, հայ-գերմանական տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Զարլանդի խորհրդարանի հյուրերի պատվո մատյանում: