Բաց նամակ տիկին Նաիրա Զոհրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց


15:39 , 22 մարտ, 2019

Ցանկանում եմ խոսել վիճակախաղերի (բուքմեյքերական ընկերությունների) կազմակերպման պայմանները խստացնելու մասին:

Նախ՝ նախագծի ընդունումից հետո ավելի քան 2500 մարդ գործազուրկ կդառնա, իսկ բյուջետային մուտքերը զգալիորեն կկրճատվեն։

Օրինակ՝ TotoGaming ԲԸ ստիպված կլինի 100-130 կետ փակել, իսկ նվազագույն հաշվարկներով դրանք փակելուց հետո գործազուրկ է մնալու 2100 մարդ։ Հաշվի առնելով, որ միջին աշխատավարձը 150 հազար դրամ է կազմում, ապա տարեկան բյուջե շուրջ 1 մլրդ դրամ չի մտնելու որպես եկամտահարկ, և սա առանց կուտակային կենսաթոշակային վճարների ու ԶՈւ օգտին գանձվող գումարների:

Բացի այդ՝ պետք է հաշվի առնել նաև, որ բոլորն աշխատավարձ են ստանում և հարկ վճարում։ Այս աշխատակիցներից յուրաքանչյուրը սպառող է, և նրանց ծախսերի կրճատումը կանդրադառնա նաև երկրի տնտեսության վրա։

Պետությունը վնասներ կկրի եկամտահարկի և շահութահարկի դիմաց չվճարված հարկերի տեսքով, որոնք վճարում են ընկերությունների կողմից վարձակալվող տարածքների սեփականատերերը։ Խոսքը ամսական առնվազն 10 մլն դրամի մասին է։

Այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա ատասահմանյան ընկերություններին, որպեսզի կարողանան զբաղեցնել հայկական շուկան, և տեղի գրասենյակները չեն կարողանա մրցակցել նրանց հետ։

Պետք է հաշվի առնել, որ օրինագծի ընդունման պարագայում նկուղներում, բակերում և այլ վայրերում գաղտնի կետեր կհայտնվեն, որտեղ մարդիկ կխաղան ոչ միայն գումարի, այլև տարատեսակ խոստումների և նույնիսկ ընտանիքի անդամների վրա։

Հարգելիներս, խաղացողը խաղալու է ամեն դեպքում, և հաշվի առեք, որ այս քայլով դուք գործազուրկ եք դարձնում ՀՀ ավելի քան 2100 քաղաքացու, ինչպես նաև միաժամանակ վնաս եք հասցնում պետությանը, մասնավորապես՝ տնտեսական բլոկին: