ԵՄ-ն հավանության է արժանացրել Brexit-ի հետաձգումը


12:10 , 22 մարտ, 2019

Եվրամիությունում մնացող երկրների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները «Եվրամիության գագաթնաժողովում միաձայն որոշում կայացրեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը այն պայմանով, որ բրիտանական խորհրդարանը մինչեւ մարտի վերջը հավանություն կտա դուրս գալու համաձայնագրին, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի»,- հայտարարել Է Տուսկը: Այդ մասին հայտնել Է նաեւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայն՝ «եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն չտա դուրս գալու համաձայնագրին, Եվրախորհուրդը համաձայն Է հետաձգմանը մինչեւ 2019 թվականի ապրիլի 12-ը եւ ակնկալում Է, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ այդ օրը Եվրախորհրդին կտեղեկացնի հետագա առաջշարժման իր տեսլականի մասին»:

Ինչպես պարզաբանել Է Տուսկը, Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող Է նախընտրել դուրս գալն առանց համաձայնագրի, ավելի երկար հետաձգում խնդրելը կամ Brexit-ից հրաժարվելը: Ամփոփիչ մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չկարողացան պատասխանել այն հարցին, թե որքան երկար կարող Է շարունակվել «երկարատեւ հետաձգումը»: «Անվերջ»,- ասել Է Յունկերը։