Իգդիրում նախընտրական պայքարը լարվածություն է առաջացրել քրդերի և ադրբեջանցիների միջև


21:30 , 21 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հայաստանի, Իրանի և Նախիջևանի հետ սահմանային քաղաք համարվող Իգդիրում ՏԻՄ ընտրությունների շրջանակում թեժացող պայքարը լարվածություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում: «Հանրություն» (Cumhur) դաշինքը, որի մեջ են մտնում իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները նախապես առանձին-առանձին էին թեկնածու առաջադրել: ԱԶԿ թեկնածուն ծագումով ադրբեջանցի էր, իսկ ԱՇԿ-ի թեկնածուն` թուրք:

Նախընտրական պայքարի ընթացքում Էրդողանին ընդդիմացող «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուի ընտրվելուն խոչընդոտելու համար հայտարարեց ԱՇԿ-ի թեկնածուին աջակցելու մասին: Սակայն այս ամենն առաջացրեց Իգդիրի բնակչության` քրդերի, ադրբեջանցիների և թուրքերի զայրույթը: Քրդերի մեծամասնությունն այստեղ իր աջակցությունն է հայտնում ԺԴԿ թեկնածուին, որը ծագումով թերեքեմե (կարափափախ) ցեղից է:

Քրդամետ կուսակցության թեկնածուն հայտարարել է, որ «ԱԶԿ-ի` քուրդ ընտրողը երբեք իր ձայնը չի տա ազգայնական թեկնածուին. եթե նրանք գան, քրդերը մեծ խնդիրներ կունենան, միակ թեկնածուն, որին նրանք նախընտրում են, ԺԴԿ թեկնածուն է». հաղորդում է artigercek.com կայքը:

Քրդերի հավանական հաջողությունը մեծ դժգոհություն է առաջացրել  ադրբեջանցի բնակչության շրջանում, որի նախընտրած թեկնածուին ԱԶԿ-ն հետ էր կանչել:

Նշենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում լուրեր էր տարածվել, որ Իլհամ Ալիևը պահանջել է Էրդողանից Հայաստանին սահմանամերձ Կարսում և Իգդիրում լուրջ քայլեր նախաձեռնել և թույլ չտալ քրդամետ գործչի հաղթանակը: