Սերտում ենք հայոց պատմությունը. հակաարաբական ապստամբությունները Հայաստանում


13:09 , 15 հունիս, 2013

 

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց պատմություն
ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 
Արաբների Հայաստանում կատարած անօրինությունները, կրոնական ու ազգային հալածանքները, ծանր հարկերը հանգեցրին մի շարք ապստամբությունների: 
702թ. սպարապետ Սմբատ Բագրատունին որոշեց 2.000 հեծյալներով հեռանալ Բյուզանդիա: 703թ. փետրվարին, երբ նրանք Ակոռի գյուղի մոտ էին, արաբների 5.000-ոց պատժիչ զորամասը փակեց ճանապարհը: 
Սմբատ Բագրատունին ամրացավ Արաքսի մոտ գտնվող Վարդանակերտ գյուղում: Վաղ առավոտյան հայերը հարձակվեցին ձմռան խստաշունչ գիշերը բաց դաշտում մնացած արաբների վրա: Թշնամին, մեծ կորուստներ տալով, փորձեց անցնել սառած Արաքսը, որի սառույցը կոտրվեց, եւ շատերը խեղդվեցին գետում: Արաբները ծանր պարտություններ կրեցին նաեւ Ռշտունիքում եւ Վանանդում: Շուտով Սմբատ Բագրատունին Բյուզանդիայի կայսրից կյուրոպաղատի կոչում ստացավ եւ հաստատվեց Տայքում:
Հայաստանում մնացած նախարարները, հասկանալով, որ չեն կարող պայքարել մեծաքանակ արաբական ուժերի դեմ, փորձեցին համաձայնության գալ: Այդպիսով, առաջին ապստամբությունը արագորեն ճնշվեց, բայց արաբներին ստիպեց հաշվի նստել հայ նախարարների հետ եւ ճանաչել նրանց ժառանգական հողատիրության իրավունքը: 
Հաջորդ հակաարաբական ապստամբությունը բռնկվեց 748թ., երբ խալիֆայությունում գահակալական կռիվներ էին ընթանում: Այն ղեկավարեց աքսորից վերադարձած Գրիգոր Մամիկոնյանը, որին միացավ նաեւ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: Նրանք շարժվեցին Տայք` բյուզանդական զորքերին միանալու համար: Սակայն այստեղ Աշոտ Բագրատունին հրաժարվեց շարունակել պայքարը եւ վերադարձավ Բագրեւանդ: Գրիգոր Մամիկոնյանը հետապնդեց նրան, ձերբակալեց եւ կուրացրեց: Գրիգոր Մամիկոնյանը այնուհետեւ ամրացավ Կարին քաղաքում: Գրիգորի մահից հետո շարժումը գլխավորեց եղբայրը` Մուշեղ Մամիկոնյանը: 750թ. արաբները դաժանորեն ճնշեցին այս ապստամբությունը: 
762թ. արաբների դեմ ազատագրական կռիվներ ծավալվեցին նաեւ Վասպուրականում` Սահակ, Համազասպ եւ Գագիկ Արծրունիների գլխավորությամբ: Արաբները կարողացան ճնշել նաեւ Արծրունի եղբայրների պայքարը: 
774թ. բռնկվեց արաբների դեմ ամենախոշոր ապստամբությունը: Արտավազդ Մամիկոնյանը, ձեւանալով արաբներին հավատարիմ, եկավ Դվին, զինեց իր ջոկատը եւ Շիրակի Կումայրի գյուղի մոտ հարձակվեց արաբ հարկահավաքների վրա, խլեց հարկերը եւ հեռացավ Բյուզանդիա: Այս դեպքից հետո ողջ երկրում տարածվեց ապստամբություն, որի գլուխ կանգնեց Մուշեղ Մամիկոնյանը: Նա ամրացավ Արտագերս ամրոցում եւ լուրջ հարվածներ հասցրեց արաբներին: Նրան միացավ նաեւ սպարապետ Սմբատ Բագրատունին, իսկ հայկական զորքի թիվը հասավ 5.000-ի: Հայկական բանակը 774-775թթ. ձմռանը պաշարեց Կարինը, սակայն գրավել չկարողացավ: 
775թ. խալիֆը 30.000-ոց բանակ ուղարկեց հայերի դեմ: 775թ. ապրիլի 12-ին հայկական 5.000-ոց բանակը հարձակվեց Արճեշ քաղաքի վրա, սակայն թիկունքից նրան հարվածեց դարանակալած արաբական մեծաքանակ բանակը: Հայերը ծանր պարտություն կրեցին: Դրանից հետո արաբները շարժվեցին Կարինը պաշարած հայկական ուժերի դեմ: Լսելով Արճեշի աղետի մասին՝ հայ նախարարները կանգնեցին երկընտրանքի առաջ. կամ պետք է հեռանային Բյուզանդիա, կամ ընդառաջ գնային մոտ 6 անգամ մեծաքանակ հակառակորդին` հաղթանակի հույս գրեթե չունենալով: Հայ նախարարները խորհրդակցելով որոշեցին, որ ավելի լավ է զոհվել հայրենիքի համար կռվելով, քան ապրել օտարության մեջ: Ճակատամարտը տեղի ունեցավ ապրիլի 25-ին, Արածանիի հովտում` Բագրեւանդի Արձնի գյուղի մոտ: Չնայած հայերի խիզախությանն ու տոկունությանը, անհամեմատ մեծաքանակ թշնամին հաղթեց: 5.000 հայ մարտիկներից 3000-ը զոհվեց մարտադաշտում: Զոհվեցին Մուշեղ եւ Սամվել Մամիկոնյանները, Սմբատ Բագրատունին եւ բազմաթիվ այլ նախարարներ: Այս ապստամբությունից հետո Մամիկոնյանները դուրս եկան Հայաստանի քաղաքական թատերաբեմից: 
9-րդ դարի սկզբներին հայ նախարարական տները կրկին հզորացան, իրենց դիրքերն ամրապնդեցին եւ լուրջ դերակատարություն ստանձնեցին երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ արաբ ոստիկանի ազդեցությունը թուլացավ: 
849թ. խալիֆը Հայաստան ուղարկեց Աբուսեթ ոստիկանին` հարկերը հավաքելու եւ հայ իշխանների իրավունքները սահմանափակելու համար: Հայոց իշխան Բագարատ Բագրատունու եւ Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու պատվիրակները Աբուսեթին դիմավորեցին սահմանի մոտ եւ առաջարկեցին վերցնել հարկերն ու հեռանալ: Աբուսեթը խոհեմաբար վերադարձավ Բաղդադ, բայց միաժամանակ իր զորքը բաժանեց երկու մասի եւ հանձնարարեց ասպատակել Տարոնն ու Վասպուրականը: Սակայն հայկական ուժերը ջախջախեցին արաբներին: 
Խալիֆը ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակ տրամադրեց Աբուսեթին, բայց նա ճանապարհին մահացավ եւ նրան փոխարինեց որդին` Յուսուֆը: Նա խաբեությամբ գերեց Բագարատին, ասպատակեց Տարոնն ու Վասպուրականը: Այս ամենը բերեց համաժողովրդական ընդվզումների: Սասունցիներն ու խութեցիները Հովնան իշխանի, Բագարատ Բագրատունու որդիներ Աշոտի ու Դավիթի գլխավորությամբ հարձակվեցին Մուշում ձմեռող Յուսուֆի վրա, կոտորեցին արաբական զորքը, սպանեցին եկեղեցում թաքնված Յուսուֆին: 
Հայերին պատժելու համար խալիֆը 851թ. հսկայական բանակ ուղարկեց թուրք զորավար Բուղայի գլխավորությամբ, որը սկսեց դաժանորեն ավերել երկիրը: Խալիֆը խոստացել էր արաբ զորավարներին հանձնել սպանված կամ ձերբակալված հայ իշխանների տիրույթները: Դրանից ոգեւորված արաբները ձերբակալում էին նաեւ ապստամբությանը չմիացած հայ իշխաններին: 
Հայերը համառ դիմադրություն ցույց տվեցին հատկապես Վասպուրականում: 852թ. Գուրգեն Արծրունին Արյան լճի ճակատամարտում 900 ռազմիկներով հաղթեց 10.000-ոց արաբական բանակին: Բուղան ասպատակեց գրեթե ողջ Հայաստանն ու Վրաստանը: Արցախում Բուղան 28 անգամ գրոհեց Քթիշ ամրոցը, բայց Եսայի իշխանը հաջողությամբ ետ մղեց թշնամուն: Համառ պայքարով Արծրունիները իրենց ազդեցությունը վերականգնեցին Վասպուրականի զգալի մասում: Համոզվելով, որ հայերին զենքի ուժով անհնար է ծնկի բերել, խալիֆը 855թ. Բուղային ետ կանչեց: 
Այսպիսով, 850-855թթ. ապստամբությունը զգալի հարված հասցրեց խալիֆայությանը եւ Հայոց պետականությունը վերականգնելու նախադրյալներ ստեղծեց: