2018-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են 28.57 տոկոսով, իսկ կրակոցների քանակը՝ 46.11 տոկոսով


18:40 , 20 մարտ, 2019

Armtimes.com-ը գրում է.

2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են շուրջ 28.57 տոկոսով, իսկ կրակոցների քանակը նվազել է 46.11 տոկոսով:

«Հայկական ժամանակ»-ը Արցախի պաշտպանության բանակի տրամադրած տեղեկատվության հիման վրա ուսումնասիրել է անցած եւ նախանցած տարիների կրակոցների դինամիկան:

2017 թվականին բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից եւ 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):

2018 թվականին ադրբեջանական զինուժը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է տարբեր տիպի նռնականետեր (25 արկ): Ըստ ՊԲ տրամադրած տեղեկատվության՝ առաջնագծում տիրող հարաբերական հանգիստ իրադրությունն է՛լ ավելի է կայունացել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հանդիպման արդյունքում, երբ կողմերի միջեւ ձեռք է բերվել սահմանային գոտում լարումն իջեցնելու եւ օպերատիվ կապ հաստատելու մասին պայմանավորվածություն: Այսպես՝ եթե մարտից մինչեւ օգոստոս ընկած ամիսներին ադրբեջանական զինուժը շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը, բացի հրաձգային զինատեսակներից, խախտում էր նաեւ տարբեր տիպի նռնականետերից, ապա դրանից հետո ընկած ժամանակահատվածում կիրառում էր միայն բացառապես հրաձգային զինատեսակներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ