Միֆեր ԽՍՀՄ կրթական համակարգի մասին, որոնց մինչ օրս շարունակում են հավատալ


22:45 , 20 մարտ, 2019

Խորհրդային Միությունում գործող կրթական համակարգի վերաբերյալ մի շարք միֆեր գոյություն ունեն, որոնց մարդիկ հավատում են մինչ օրս: Ըստ այդ միֆերի՝ խորհրդային կրթությունն անվճար էր ու ամենալավը, ուսուցիչներն արժանապատիվ կյանք էին վարում, դրանց ծրագրերը Ռուսական կայսրությունից էին ժառանգվել և այլն: 

Խորհրդային կրթությունն անվճար էր

Այս միֆն այն նույն արմատներն ունի, ինչպսիք որ ունի «խորհրդային բնակարաններն անվճար էին» արտահայտությունը: Իրականում երկրում ոչինչ էլ լիովին անվճար չէր: Յուրաքանչյուր պետություն ունի ոչ թե սեփական գումարներ, այլ իր քաղաքացիների գումարներ, որոնք փոխանցվում են հարկերի և տուրքերի միջոցով:

Խորհրդային մարդը հենց դրանով էլ առանձնանում էր զարգացած պետությունների քաղաքացիներից. նա երբեք չգիտեր, թե ինչի համար է վճարում: Իսկ նրանց վճարած հարկերն իրականում շատ մեծ էին. եղել են ժամանակահատվածներ, երբ դրանք հասել են յուրաքանչյուր աշխատած ռուբլիի համար 80-90 կոպեկի: Այսինքն՝ աշխատավոր մարդը պետք է ստանար մաքուր 1000 ռուբլի, որը պետք է օգտագործեր հիփոթեքի վճարման, երեխաներին լավ դպրոց տանելու ու բժշկական ապահովագրության համար, և 500-600 ռուբլի դեռ կմնար, սակայն իրականում այդ մարդը ստանում էր 120 ռուբլի և շարունակում էր խոսել «անվճար» ծառայությունների մասին: Հենց այս մեխանիզմով էլ ամեն ինչ աշխատում էր:

Ստալինյան տարիներին խորհրդային կրթությունը հենց ուղիղ իմաստով վճարովի էր (ոչ միայն հարկերի տեսքով). 1940-56 թթ. ոչ խոշոր վճար էր նախատեսված 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում սովորելու համար: Նույնը վերաբերում էր նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Ավելին՝ չնայած այն բանին, որ խորհրդային մարդն ամեն ինչի դիմաց ոչ մեծ գումար էր վճարում, նա որպես արդյունք ստանում էր անազատություն: «Անվճար» բնակարանը, «անվճար» դպրոցն ընտրել հնարավոր չէր, փոխել հնարավոր չէր. քաղաքացու փոխարեն ամենը որոշում էր պետությունը: «Վերցրե՛ք այն, ինչ Ձեզ տալիս են, հակառակ դեպքում դա էլ չեք կարողանա ստանալ»,- ասում էր պետությունը՝ մոռանալով այն մասին, որ այդ բոլոր «անվճար» ծառայություններն ինքը կարողանում էր ստեղծել քաղաքացիների տված հարկերի ու տուրքերի հաշվին: 

Խորհրդային դպրոցը լավագույնն էր աշխարհում

«Աշխարհում լավագույնը հանդիսացող» խորհրդային դպրոցի մասին միֆը երկու մասից էր բաղկացած՝ դպրոց՝ որպես կրթական հաստատություն և դպրոց՝ որպես սոցիալական հաստատություն: Դպրոցական կրթական համակարգի մասին խոսելիս, չգիտես ինչու, ասում են, որ խորհրդային դպրոցական ծրագիրը եկել էր Ռուսական կայսրության լավագույն գիմնազիաներից:

Այս իրավիճակը քիչ թե շատ բնորոշ էր 1920-ականների կեսերին, երբ երկիրը կրում էր Հոկտեմբերյան հեղափոխության ու քաղաքացիական պատերազմի հետևանքները: Այդ տարիներին կրթական լուրջ բարեփոխումների ժամանակը չէր, ինչպես նաև միջոցներ չկային, և խորհրդային դպրոցներում շատ բաներ մնացել էին նախկին տարիներից:


1930-ականների սկզբից ի վեր նախկին կրթական համակարգն ամբողջովին փլուզվեց. դպրոցներից և բուհերից հանվեցին այն բոլոր առարկաները, որոնք թույլ էին տալիս մտածել՝ անտիկ փիլիսոփայություն, համաշխարհային իրական պատմություն, հռետորիկա, տրամաբանություն և այլն: Դրանք փոխարինվեցին այնպիսի առականերով, ինչպիսիք էին «մարքսիզմ-լենինիզմը» և «քաղտնտեսությունը»: Նախկին ուսուցիչներից շատերին հեռավոր ճամբարներ ուղարկեցին կամ ուղղակի հեռացրին աշխատանքից: Այնպես որ, այս համատեքստում չի կարելի խոսել «ցարական գիմնազիաների» մասին, որոնցից անգամ հետք չէր մնացել 1927-ին:

Ինչ վերաբերում է խորհրդային դպրոցին՝ որպես կառույց, ապա այն անազատ վայր էր՝ լի պարտադրանքով և «ռազմական» ենթակայությամբ: Ուսուցիչներն ու տնօրենությունը լիարժեք իրավունքներ ունեին, իսկ երեխաներն իրավունք ունեին միայն ենթարկվելու: Միաժամանակ դպրոցների շատ ուսուցիչներ երկակի խորհրդային բարոյականության կրողներ էին, որոնք դպրոցում կոմունիզմի կատարելության մասին էին պատմում, իսկ իրականում լրիվ այլ կյանք էին ապրում:

Խորհրդային ուսուցիչներն արժանավայել էին ապրում

Կար ու շարունակում է շատերի մոտ մնալ տարածված մի կարծիք, ըստ որի՝ խորհրդային ուսուցիչները կարող էին իրենց ամեն ինչ թույլ տալ, հրաշալի կյանք էին ապրում և ոչ մի թշվառության չէին հանդիպում:

Իրականում ուշ ԽՍՀՄ-ում ուսուցիչները շուրջ 120 ռուբլի աշխատավարձ էին ստանում, որն այնքան էլ շատ չէր: Այո, ուսուցիչները սոված չէին մնում, սակայն, օրինակ, կահույք գնելու համար հարկավոր էր ամիսներ ու տարիներ շարունակ գումար կուտակել:

Բացի դրանից՝ ուսուցիչները խիստ կախման մեջ էին գտնվում դպրոցական համակարգում: Խորհրդային դպրոցներում ակադեմիական ազատության մասին խոսք անգամ գնալ չէր կարող: Խորհրդային ուսուցիչը տնօրենի ու փոխտնօրենի «ստրուկն» էր, որը պետք է անդադար ինչ-որ զեկույցներ պատրաստեր և «մանկավարժական խորհուրդների» հաճախեր: