Վաղ միջնադարի հայ հայտնի փիլիսոփաները և նրանց գաղափարները


21:00 , 20 մարտ, 2019

Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը V-IX դարերի հայ հայտնի փիլիսոփաներն էին:

Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական-ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա՝ միակ և իրական սուբստանցն Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Նա եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտը: Միասին նրանք հայերեն են թարգմանել Աստվածաշունչը և շատ այլ փիլիսոփայական աշխատություններ:

Փիլիսոփան կրթություն է ստացել Բյուզանդիայում, տիրապետել է ասորերենին, հունարենին ու պարսկերենին: 440-ական թվականներին իր «Եղծ աղանդոց» փիլիսոփայական աշխատությունում նա նպատակ էր դրել հիմնել ու քարոզել քրիստոնեությունը՝ դրանով իսկ մերժելով հեթանոսական բոլոր կրոնները: Ֆատալիզմի հակառակորդը ցանկանում էր փիլիսոփայորեն ներկայացնել ազատագրական շարժումների գաղափարները:

Վաղ միջնադարի հայ փիլիսոփայության մեկ այլ, ոչ պակաս նշանակալից ներկայացուցիչ էր Դավիթ Անհաղթը: Իր աշխարհայացքով նա հանդիսանում էր Պլատոնի և Արիստոտելի հետնորդը: Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացուցման սկզբունքն է՝ համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին։ 

Փիլիսոփան նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից, անկասկած, նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում՝ առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։

VII-VIII դարերում ապրել և ստեղծագործել է փիլիսոփա Ստեփանոս Սյունեցին: Համաձայն Սյունեցու՝ բնությունը ոչ այլ ինչ է, քան աստվածային հոգու ամենացածր դրսևորումը: Միտքը, ըստ նրա, մարմնի էությունն է, որն ընկալվում է գիտակցությամբ և անհասանելի է զգացողություններին: Ստեփանոս Սյունեցին Դավիթ կաթողիկոսի պատվերով գրել է «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» երկը, այսինքն՝ «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի մեզ հասած միակ ամբողջական երկն է: Երկար ժամանակ այն կորած է համարվել, և միայն 1917 թվականին Գարեգին եպս. Հովսեփյանը գտել է 1155 թ.-ին գրված մի ձեռագրում

VII դարի կեսերը նշանավորվել են մեծ փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ ու աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատություններով: Ճանապարհորդելով արևելյան երկրներում՝ նա գիտություններ էր ուսումնասիրում: Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ-քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ 

Նա ասում էր, որ բոլոր տեսանելիի ու ճանաչելիի պատճառն Աստված է: Աստված է ստեղծել աշխարհը, սակայն նա չի խառնվել դրա զարգացման գործին: Նա՝ որպես բնափիլիսոփա, ստեղծել է բնափիլիսոփայական գիտություն երկրի, երկնքի, ծովի, աստղերի ու բնության երևույթների մասին:

Շիրակացու կոսմոգոնիկ հայացքները շատ նման են Պտղոմեոսի և Արիստոտելի հայացքներին: Փիլիսոփան նաև կարծում էր, որ Երկիրը գնդաձև զանգված է, որը գտնվում է Տիեզերքի կենտրոնում: Այն անշարժ է, իսկ երկնային մարմինները պտտվում են դրա շուրջ:

Հայկական միջնադարյան փիլիսոփայության բնական գիտությունների ուղղության ներկայացուցիչ էր Հովհաննես Սարկավագը, ով ապրել է 1045-1129 թթ.: Նա Հայաստանի նախկին մայրաքաղաքի՝ Անիի բարձրագույն դպրոցի հիմնադիրն էր:

Հայտնի հայ փիլիսոփա, մանկավարժ Հովհանն Որոտնեցին Տաթևի համալսարանի հիմնադիրն էր, որը համարվում է միջնադարյան հայկական գիտության խոշորագույն կենտրոնը: