ԱՄՆ-ում կստեղծվի երկրի գուցե և աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը. Business Insider


11:00 , 20 մարտ, 2019

ԱՄՆ-ի իշխանություններն Intel ընկերության հետ համատեղ պլանավորում են ձեռնամուխ լինել նորագույն գերհամակարգչի ստեղծմանը, որը, ինչպես սպասվում է, կարող է ամենահզորը լինել Միացյալ Նահանգներում, գուցե և աշխարհում: Այդ մասին հայտնել է Business Insider հրատարակչությունը:

Նրա տվյալներով՝ նախագծի վրա աշխատելու են Intel-ը, նրա ենթակապալառուն՝ Cray ընկերությունը և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը: Համակարգչի մշակումը, որը կստանա Aurora անվանումը, իրականացվելու է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ)՝ Արգոնի ազգային լաբորատորիայում, որն էներգետիկայի նախարարության հետազոտական կենտրոնն է: «Մեքենայի» ստեղծումը ծրագրվում է ավարտել 2021 թվականին: Ինչպես հայտարարել են էներգետիկայի նախարարությունում, Aurora-ն կդառնա ԱՄՆ-ի առաջին գերհամակարգիչը, որի արտադրողականությունը կկազմի 1 Էքսաֆլոպս: Դա նշանակում է, որ այն ընդունակ է վայրկյանում կատարել առնվազն մեկ քվինտիլիոն (1000 000 000 000 000 000) գործողություն: Արգոնի լաբորատորիայի տնօրենի օգնական Ռիք Սթիվենսի խոսքով՝ բացառված չէ, որ աշխատանքների ավարտվելու պահին Aurora-ն ամենահզոր համակարգիչը կդառնա ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհում:

Ինչպես սպասվում է, Aurora-ն կկիրառվի, մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, գիտությունը, պաշտպանությունը: Իշխանությունները հայտարարում են, որ նոր գերհամակարգիչը կօգտագործվի տարբեր հետազոտություններ անցկացնելիս, որոնցով զբաղվում են ԱՄՆ-ի գիտական ինստիտուտներն ու ազգային լաբորատորիաները: