Բեզոսի մասին վարկաբեկող նյութերը 200 հազար դոլարով վաճառել է նրա սիրուհու եղբայրը. WSJ


19:15 , 19 մարտ, 2019

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և նրա սիրուհու՝ հեռուստամեկնաբան Լորան Սանչեսի նամակագրությունը հրապարակող ամերիկյան National Enquirer պարբերականին վարկաբեկող տեղեկությունները տրամադրել է Լորանի եղբայրը՝ Մայքլ Սանչեսը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ National Enquirer-ը հրատարակող American Media ընկերությունը, 200 հազար դոլար է վճարել տղամարդուն Ջեֆ Բեզոսի և Լորան Սանչեսի լուսանկարների և նամակագրության համար: Մայքլ Սանչեսը հրաժարվել է մեկնաբանել միլիարդատիրոջ և իր քրոջ նամակագրության հրապարակման գործում իր մասնակցությունը:

Փետրվարին Ջեֆ Բեզոսը National Enquirer-ին մեղադրել է շորթման և շանտաժի մեջ: Նրա խոսքերով՝ American Media ընկերությունը գործարարից պահանջել է, որպեսզի նա դադարեցնի հետաքննությունը, որը վարվում է պարզելու համար, թե ինչպես է պարբերականը ստացել նամակագրությունը՝ սպառնալով հրապարակել Բեզոսի և Լորան Սանչեսի լուսանկարները: