Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտի» ևս 4 անդամի մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով


12:42 , 19 մարտ, 2019
Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտ» նախաձեռնության ևս 4 անդամի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Հրաչյա Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,- ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն գործի շրջանակներում նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

«Ռեստարտի» անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսանյութը։