«Ես չունեմ ներդրողներ, փոխարենը ունեմ շատ վարկային պատմություններ». Մանուկ Ալեքսանյանը՝ իր ձախողված ցուցադրության, դիզայներների հետ ունեցած հարաբերությունների և նոր հավաքածուի մասին


18:30 , 18 մարտ, 2019

Դիզայներ, ոճաբան Մանուկ Ալեքսանյանը պատրաստվում է իր ցուցադրությանը: Ասում է՝ տարվա ընթացքում երկու ցուցադրություն է անում: Դիզայներներից ո՞ւմ երբեք չես տեսնի նրա ցուցադրություններին, ինչպե՞ս են իր և մյուս դիզայներների փոխհարաբերությունները, ունի՞ արդյոք ներդրողներ, թե՞ բոլոր ֆինանսական ծախսերն ինքն է հոգում, և ովքե՞ր են նրա այդքան հաճախ փոփոխվող մուսաները: Այս և այլ հետաքրքիր թեմաների մասին դիզայները պատմել է BlogNews.am-ին:

- Սկսենք քո առաջիկա ցուցադրությունից: Ի՞նչ է սպասվում, ի՞նչ հավաքածու ես պատրաստվում ներկայացնել։

- Այս հավաքածուն նվիրված է ուժեղ կանանց, և հավաքածուի մուսաները Սոֆի Դևոյանը և Լուիզա Ներսիսյանն են՝ կանայք, ովքեր ներդրում ունեն հայկական արվեստում և շոու բիզնեսում: Շոուն հիշեցնելու է ծաղկային պարտեզ, մենք անգամ ծաղիկների բույրն ենք փոխանցելու: Ռոմանտիկ հավաքածու է ստացվել՝ սև, արծաթագույն և ռոքային էլեմենտներով: Բոլորը գիտեն, որ իմ հաճախորդները շատ տարբեր են, և որ իմ զգեստները բոլորի համար չեն, որովհետև սեքսուալ են և երբեմն՝ նաև անհարմար:  

- Տարվա ընթացքում քանի՞ անգամ ես հավաքածու ներկայացնում: Ունե՞ս ներդրողներ, թե՞ ֆինանսական բոլոր ծախսերն ինքդ ես հոգում։

- Հայաստանում շատ դժվար է գործունեություն ծավալել նորաձևության ոլորտում, որովհետև ներդրողները շատ դժվարությամբ են հավատում քո բիզնեսի հաջողությանը: Այն մարդիկ, ովքեր գումար ունեն, ավելի շատ նախընտրում են, օրինակ, վրացական բրենդներին աջակցել, քան հայ դիզայներներին: Բայց ես այն ստեղծագործ մարդկանցից եմ, որ չի հանձնվում և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր գաղափարները միշտ իրականություն դառնան: Ես, նորաձևությունից բացի, այլ բան չեմ կարող անել, թույլ եմ հաշվարկներից, գրականությունից, պատմությունից, բայց գեղեցկությունը միանգամից նկատում եմ: Տարին երկու անգամ ցուցադրություն եմ անում. բոլոր դիզայներները և նորաձևության տները պարտավոր են երկու անգամ ֆեյշն շոու ներկայացնել։ Դա ստատուսի ամրապնդում է, քո հաճախորդներին հաճոյանալու միջոց է և, ինչու ոչ, շատ լավ PR: Ես չունեմ ներդրողներ, փոխարենը ունեմ շատ վարկային պատմություններ, որոնք, հուսով եմ, մի օր չեն լինի:

- Ի վերջո, ցուցադրությունն արդարացնո՞ւմ է քո բոլոր սպասումները։

- Իհարկե: Ցուցադրությունը մեծ գումարների հետ է կապված, բայց ավելի լավ է՝ ես ինձ մի քանի բանում սահմանափակեմ, բայց իմ բրենդը և իմ անունը չտուժեն: Իմ կարծիքով՝ ավելի լավ է դանդաղ ձեռք բերել անուն, քան քո բրենդը պարզապես թանկ ատելյե համարեն: Շատ դիզայներներ հաճախ խառնում են դիզայների անունը ատելյեյի հետ, շատ աղջիկներ էլ բացում են, այսպես ասած, նորաձևության տներ, զգեստների օրինակներն էլ գտնում են համացանցից, վրան կպցնում իրենց պիտակը և համարում, որ աշխատանք են արել:

- Մոդելներին ինչպե՞ս ես ընտրում, վճարո՞ւմ ես, թե՞ ոչ: Կամ աշխատո՞ւմ ես սկսնակ մոդելների հետ։

- Կան մոդելներ, որոնց վճարում եմ, կան մոդելներ, որոնց չեմ վճարում, քանի որ նրանք իմ ընկերներն են և ինձնից գումար չեն վերցնում, բայց վերջում իմ հավաքածուից ինչ-որ բան նվիրում եմ որպես շնորհակալություն: Իրականում բոլորն են աշխատում բարտերով, և դա բնավ էլ կապ չունի քո ֆինանսական ստատուսի հետ: Օրինակ՝ Լուիզա Ներսիսյանին երբ առաջարկեցի մասնակցել իմ ցուցադրությանը, մեծ սիրով համաձայնեց անվճար համագործակցել:

- Իսկ մոդելներից ովքե՞ր են քո ֆավորիտները։ 

- Իմ մոդելները կերպարներ են: Շատերը պրոֆեսիոնալ մոդելներ չեն, և ես նրանց սովորեցնում եմ, թե ինչպես պետք է քայլեն: Բայց նրանք զգեստն այնքան լավ են ներկայացնում, որ անգամ Քայլի Ջեները չէր կարող ներկայացնել: Իմ ֆավորիտներն են Սեդա Սերոբյանը (նա բեմում շատ լավն է), Թերեզա Մարտիրոսյանը, ֆոտոմոդել Շուշան Երիցյանը, ով սեքսուալ կերպարում է:  

- Քո ցուցադրություններին հրավիրո՞ւմ ես կոլեգա դիզայներներին։

- Իհարկե։

- Ովքե՞ր են գալիս և ովքե՞ր են մերժում հրավերդ։

- Օրինակ՝ գալիս են Միկա Դանիելյանը, Արամ Նիկոլյանը, Գևորգ Շադոյանը։ Այս անգամ հրավիրել եմ նաև Մերի Ստեփանյանին, ով սիրով համաձայնել  է ներկա գտնվել: Իմ ցուցադրություններին երբեք չի գալիս Ֆաինա Հարությունյանը։ Չգիտեմ պատճառը, գուցե ինչ-որ ներքին խնդիր կա, չնայած իրար տեսնելիս ջերմ բարևում ենք: Վահան Խաչատրյանին երբեք չեք տեսնի իմ ցուցադրություններին, և երբեք էլ նրան չեմ հրավիրել:

- Կոլեգաների հանդեպ սոլիդարությունը պահպանվո՞ւմ է, երբ, օրինակ, նոր հավաքածու ներկայացնելիս զանգում և շնորհավորում ես, գուցե նաև կարծիք հայտնում, թե՞ այդ ամենը ձևական բնույթ է կրում:

- Եթե անկեղծ լինեմ, բոլոր դիզայներներն ինձ հետ շատ լավ հարաբերությունների մեջ են, որովհետև առաջին հերթին ես ոճաբան եմ, և նրանց համար երբեմն առանձին գումարով ֆոտոշարքեր եմ անում: Շատ դեպքերում դիզայներներն իմ ցուցադրություններից հետո կարող են ասել, որ այսինչ բանը սիրուն չէր կամ լավ էր ստացվել: Ես էլ կարող եմ զանգահարել և իմ հիացմունքը հայտնել: Շատ հավանել էի Մերի Ստեփանյանի հավաքածուն և դրա մասին նրան ասել եմ:

- Հաճախ դիզայներներից լսում ես, որ հաճախորդներն իրենց զգեստը որոշել են կարել մեկ այլ դիզայների մոտ: Բախվե՞լ ես այս խնդրին:

- Այո, իհարկե: Ցավոք, Հայաստանում այդ էթիկան չկա, որ հարգեն մեկը մյուսին: Իմ զգեստներից էլ են շատ ասել, որ կարեն: Ես 9 տարի աշխատել եմ սպասարկման ոլորտում, հաճախորդին չեմ սիրում նեղացնել, ես պարզապես ասում եմ, որ իմ կոլեգան է, և կարող են խնդիրներ լինել: Իհարկե, ես չեմ կարում:

- Դու անում ես այնպիսի հագուստ, որն ուզում ես տեսնել կանանց հագի՞ն, թե՞ այն, ինչն արագ կվաճառվի:

- Ես ինձ երբևիցե կոմերցիոն դիզայներ չեմ համարել և կարել եմ այն հագուստը, որը ցանկացել եմ տեսնել կանանց հագին: Իմ հագուստները եզակի են:

- Ձախողված հավաքածու ունեցե՞լ ես։

- Այո: Դա իմ երկրորդ հավաքածուն էր, որի ցուցադրությունը եղել էր Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Դա ամենավատն էր: Այդ հավաքածուից հետո ինձ գրեթե բոլորն ասում էին՝ Մանուկ, մտածի՝ արդյոք ուզո՞ւմ ես դիզայներ լինել: Ես երևի այդ ժամանակ շատ փորձ չունեի, հետո հավաքածուն էր շատ թույլ: Այդ հագուստներն այդպես էլ չվաճառվեցին:

- Երբեմն լսում եմ, որ ասում են՝ Մանուկ Ալեքսանյանն ավելի լավ ոճաբան է, քան դիզայներ:

- Իմ շատ մոտ ընկերները ևս այդ կարծիքին են: Ես երբևիցե couture չեմ անում, ես միշտ անում են ready to wear, ամենօրյա հասանելի հագուստ: Ինչ խոսք, ես կադրերը շատ ավելի լավ եմ տեսնում, և պետք չէ չմոռանալ, որ ես իմ կարիերան սկսել եմ որպես ոճաբան հայկական ամսագրերից մեկում: Օրինակ՝ ինձ կարող եք տալ սկսնակ արտիստի, ում կարող եմ ֆեյշն դեմք սարքել:

- Հայաստանում չկան նորաձևության քննադատներ։ Այդ բացը մի օր կլրացվի՞, ի՞նչ ես կարծում:

- Ես երազում եմ, որ Հայաստանում լինեն բլոգերներ, ինչպես, օրինակ, Դեյվ Վալդորֆն է, քննադատներ, ովքեր քեզ մոտիվացնում են ու շատ ճիշտ կարծիք հայտնում: Իսկ հիմա Հայաստանում Mommy բլոգերներ են, որոնք չեն կարող խոսել նորաձևությունից, ինչպես նորաձևությունից չեն կարող խոսել մարդիկ, ովքեր օգտվում են միայն մասս  մարկետներից:

Մասնակցո՞ւմ ես արդյոք դրսի նորաձևության շաբաթներին:

- Վեց ամիսը մեկ աշխատում եմ դուրս գալ Հայաստանից։ Օրինակ՝ անցած տարի Փարիզում էի, Վարշավայում, Բեռլինում: Այդ ամենը նպաստում է, որ ավելի լավ հասկանաս մարդկանց ոճը, նախըտրությունները, ինչպես նաև ոգեշնչվես: Իմ կարծիքով՝ ճանապարհորդությունը շատ մեծ բան է տալիս: Իմ Sneakers հավաքածուն ստեղծելիս Վրաստանից էի ոգեշնվել․ այնտեղ երիտասարդները շատ հետաքրքիր են հագնվում:

- Ամբողջ աշխարհի համար Քիմ Քարդաշյանը համարվում է թրենդսեթեր։ Ի՞նչ ես կարծում, Հայաստանում կա՞ն թրենդսեթերներ, որոնց ոճը կրկնօրինակում են, որոնցից ոգեշնչվում են: Խոսքը, իհարկե, հայտնի մարդկանց մասին է:

- Չկան: Ոճ թելադրում է Սիրուշոն, բայց մի ուղղվածությամբ, իսկ իմ կարծիքով՝ արտիստն իրավունք չունի նույն ոճում հանդես գալու: Եթե զուտ գեղեցկությունը դիտարկենք, Իվետա Մուկուչյանը շատ գեղեցիկ մարմին ունի, ինչպես նաև Լիլիթ Հովհաննիսյանը, բայց նրանք աշխատում են նույն ոճում և չեն համագործակցում ոճաբանների հետ: Եթե դու Vogue ամսագրում տեսնում ես Քիմ Քարդաշյանի տարբեր կերպարները, ապա այստեղ մի կերպար է՝ շատ կանխատեսելի և միևնույն ժամանակ՝ ձանձրալի:

- Քո կարծիքով դիզայնե՞րն է ոճ թելադրում, թե՞ հայտնի մարդը:

- Բոլոր դիզայներների մուսաներն ինչ-որ արտիստներ են, և դա ապացուցում է այն փաստը, որ ոճ թելադրողն արտիստն է:

- Քո մուսաները հաճա՞խ են փոխվում։

- Այո, գրեթե ամեն հավաքածուի ժամանակ։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի