Դինքի մահն ու դրանից հետո պետության հետ լավ հարաբերություններ պահպանելու հարկադրանքը կարող են լուրջ դեր ունեցած լինել պատրիարք Մութաֆյանի հիվանդության ու մահվան մեջ․ Ռ. Քոփթաշ


16:10 , 18 մարտ, 2019

Պոլսահայ մտավորական, Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական թերթի նախկին խմբագիր և «Արաս» հայկական հրատարակչության գործող տնօրեն Ռոբեր Քոփթաշը թուրքական GazeteDuvar կայքի իր սյունակում ուշագրավ հոդված է հրապարակել Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ու նրա պատրիարքության օրոք ստամբուլահայ համայնքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց 63-ամյա պատրիարքը մահացել է մարտի 8-ին՝ ծանր հիվանդության պատճառով շուրջ 10 տարի կոմայի մեջ մնալուց հետո։

Քոփթաշը նկատում է, որ Մութաֆյանի՝ կոմայի մեջ հայտնվելուց հետո պատրիարքարանն իրականում ի վիճակի էր պատրիարքի նոր ընտրություններ կազմակերպել, քանի որ եկեղեցական օրենքը դա լիովին թույլ էր տալիս։ Մինչդեռ Եկեղեցու ներսում եղած որոշ ուժեր, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններն առավել հակված էին պահպանելու իշխանամետ դիրք որդեգրած Մութաֆյանի վարած քաղաքականության ուղղվածությունը պատրիարքարանի ներսում։ Առավել ևս, որ նոր ընտրության անցկացման դեպքում թեկնածության իրավունք ունեցող և մեծ մասամբ Սփյուռքում գործող պոլսահայ արքեպիսկոպոսների՝ Հայկական հարցի վերաբերյալ ունեցած գաղափարները կարող էին ձեռնտու և հաճելի չլինել իշխանություններին։

«Այս ժամանակահատվածում հիմնական պնդումները, որոնցից փորձում էին կառչել, հիվանդ պատրիարքի՝ իր պատրիարքական դիրքից բխող իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին էին, ինչպես նաև հայտարարությունները, թե «Մենք քրիստոնյա ենք և հավատում ենք հրաշքների, աղոթում ենք մեր պատրիարքի առողջացման համար»։ Սրա արդյունքում «պատրիարքի փոխանորդ» անվան տակ մի կարգավիճակ հորինվեց և եկեղեցին սկսեց ղեկավարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից, որին ավելի ճիշտ կլինի կոչել «պետության վերահսկիչ», - նշում է Քոփթաշը՝ շեշտելով, որ գործընթացի հենց ամենասկզբից պետությունն ունեցել է իր ակտիվ միջամտությունը կայացված բոլոր որոշումներում։

Հատկանշական է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ժամանակին նույնպես բազմիցս «թիրախավորվել» է թուրքական իշխանությունների կողմից, սակայն պատրիարք ընտրվելուց կարճ ժամանակ անց առավել մեղմ դիրքորոշումներ է որդեգրել ու անգամ պետության հետ սերտ կապերի համար լուրջ քննադատության ենթարկվել համայնքի ներսում։

Սյունակագիրը վերհիշում է, որ 1998 թվականին, երբ Մութաֆյանը պատրիարքական ընտրություններում հաղթեց իշխանությունների աջակցությունը վայելող մեկ այլ թեկնածուի, համայնքի մեծ մասը՝ այդ թվում «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքը, մեծ աջակցություն են ցուցաբերել Մութաֆյանին, ինչը փաստացի նշանակում էր, որ պոլսահայ համայնքը, չնայած իր փոքր քանակին, «գլուխ է դնում» պետության հետ։

«Սակայն պատրիարքի աթոռին նստելուց հետո Մեսրոպ Մութաֆյանն իր ուժն ու լիազորությունները սկսեց օգտագործել նախկինում տրված խոստումներին հակառակ։ Դրա հետևանքով նա արժանացավ համայնքի մի մասի քննադատությանը, այդ թվում՝ Հրանտ Դինքի», - վերհիշում է Քոփթշը՝ հավելելով, որ հենց այդ ժամանակ Դինքի ղեկավարած «Ակօս» շաբաթաթերթը հայտնվել էր պատրիարքարանի հայտարարած «արգելված» թերթերի ցուցակում, և համայնքային կառույցներին արգելվել էր գովազդային հայտարարություններ տրամադրել թերթին։

«1880-ականներից ի վեր հայկական մամուլը լայն տեղ է տվել կրոնավորներին ու կրոնական կառույցներին ուղղված քննադատությանը, ինչը համարվել է համայնքային կյանքի առողջ զարգացման կարևոր պայման։ Սակայն պատրիարք Մութաֆյանը դա համարում էր անձնական վիրավորանք», - շարունակում է պոլսահայ մտավորականը։

Վերհիշելով Հրանտ Դինքի հուղարկավորության օրը Մեսրոպ Մութաֆյանի արցունքները՝ Քոփթաշը նշում է, որ Դինքի մահն ու սպանությունից անմիջապես հետո պետության հետ լավ հարաբերություններ պահպանելու հարկադրանքը, համայնքի մնացած մասին պահպանելու պարտավորությունն ու մի շարք այլ խնդիրներ կարող են առանցքային դեր ունեցած լինել պատրիարքի հիվանդության ու մահվան մեջ։

Ի վերջո, ըստ հոդվածի հեղինակի, Դինքի մահվան օրը պատրիարք Մութաֆյանի՝ շատերին հուզած այդ լացը կարող է լինել և՛ զղջման, և՛ անելանելիության, և՛ վախի հետևանք, քանի որ վաղուց արդեն լուրեր էին տարածվել, թե պոլսահայերի հոգևոր առաջնորդը նույնպես մահվան սպառնալիքներ էր ստանում։

«Եթե փողոցում որևէ ստամբուլահայի հարցնեք՝ կհամոզվեք, որ համայնքի մեծ մասը հավատում է այն վարկածին, թե պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է հայտնվել թունավորման հետևանքով։ Նույնիսկ եթե իրականությունն այլ է՝ կա ձևավորված տեսակետ, որ ստամբուլահայ համայնքի հասարակական առաջնորդը (նկատի ունի Հրանտ Դինքին -tert.am) «լռեցվել» է զենքով, իսկ հոգևոր առաջնորդը՝ թունավորման միջոցով թողնվել անկենսունակ», - գրել է Քոփթաշը։