Ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, հայտնվել ձորում. կա վիրավոր, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը


14:50 , 17 մարտ, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ վարորդի կողմից վարած Mercedes C180 մակնիշի 35 ՍN 268 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի –Երևան ավտոճանապարհի 300-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի՝ Երևանի բնակիչ, 42-ամյա Ռոման Գևորգյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արթուր Մազմանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: