Բացատրություն եմ պահանջում


23:54 , 16 մարտ, 2019

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասում է, որ Ստեփանակերտում չի գտնվի մեկը, որ կվկայի, թե իր պաշտոնավարության տարիներին ենթարկվել է հետապնդումների եւ բռնությունների: (Տեսանյութում՝ 8:51 -9:06 րոպե) Այլոց համար պատասխանատու չեմ, կհիշեցնեմ միայն իմ պատմությունը: 1996թ. նոյեմբերն էր, ամսաթիվը չեմ հիշում:

Գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական հանդիպում էր ունենում ՊԲ սպայակազմի հետ: Ներկա էին վարչապետը, ՊԲ հրամանատարը: Քոչարյանի վստահված անձը ՊԲ շտաբի պետ Սեյրան Օհանյանն էր, որ ներկայացրեց թեկնածուին: Այնուհետեւ կարճ ելույթ ունեցավ Քոչարյանը եւ վերջում դիմեց ներկաներին՝ հարցեր կա՞ն: Շուրջ չորս հարյուր տեղանոց դահլիճում քար լռություն էր:

Քոչարյանը կրկնեց՝ հարցեր չունե՞ք: Եւ այդ ժամանակ ես ձայն խնդրեցի ու գործող նախագահ, նախագահի թեկնածու Քոչարյանին հարցրի՝ ինչպե՞ս է նայում հայ-թուրքական հարաբերությունների վերականգմանը եւ այդ համատեքստում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարին: Նա մի-երկու ոչինչ չասող մտքեր հչեցրեց, հանդիպումը հապշտապ ավարտեցին:

Բայց երբ ներկաներս պատրաստվում էինք լքել դահլիճը, ՊԲ հրամանատարն անսպասելի վերադարձավ, շատ կոպիտ, հայհոյախառը կարգադրեց, որ հեռուստատեսությունն անջատի տեսախցիկները եւ հեռանա: Երբ  կարգադրությունն արդեն կատարված էր,  մոտեցավ ամբիոնին եւ ... Բառերով հնարավոր չէ փոխանցել, թե ինչ եւ ինչպես էր նա ասում: Պաշտպանական շրջաններից մեկի հրամանատարին նվաստացրեց ամենավերջին խոսքերով, թե ինչպե՞ս է համարձակվել ընդունել եւ թեյասեղանով պատվել Քոչարյանի մրցակից թեկնածուին, սպառնաց, որ Քոչարյանին չքվեարկողներն անցնելու են Շուշիի բանտով, լուտանքներ թափեց, հայհոյեց եւ վերջում ոտքի կանգնեցրեց ինձ՝ բանակային «Մարտիկ» թերթի խմբագրիս ու բառացիորեն հետեւյալն ասաց. «Տու սլիշկոմ պալիտիզիրովաննի խոխա ես, պագոններդ պուկ կտաս, կքինիս սեդմոյ աբարանիտելնումը օշդ կլոխդ կհվաքիս»: Չորս ամիս անցկացրի «Եղնիկներում» եւ ոչ մի լումա աշխատավարձ չստացա: Թե ինչերի եմ ականատես եղել այդ ամիսներին, պատմելու չէ: Զորամասը համարվում էր աքսորավայր, եւ դրանով ամեն ինչ ասված է: Այդպիսին էր ՊԲ հրամանատարի ստեղծած բանակը: Կատարում էի ուսումնական գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պարտականությունները:

Ամբողջական հոդվածն այստեղ