«Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները». Նաիրա Զոհրաբյան


09:26 , 16 մարտ, 2019

«Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելիս անմիջապես չտանեն մարտական հերթապահության դիրքեր` առաջնագիծ: Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն՝ ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են: 

Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության․ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ: 

Իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձն ավելացնելու ֆինանսական միջոցներ, և դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը: