Քաղաքապետարանն ապամոնտաժում է Օպերայի հարակից սրճարանները (Video)


10:02 , 16 մարտ, 2019
Երևանի քաղաքապետարանն այսօր ևս շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վրդովեցրել էին աշխատակիցներին, ինչի հետևանքով ոստիկանների ու սրճարանների աշխատակիցների միջև բախում էր տեղի ունեցել: Մի քանի մարդ բերվել էին ոստիկանություն։ «Ատմոսֆերա» ՍՊԸ-ի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում են դատարան դիմել իրենց գույքը փչացնելու համար: «Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը երեկ հայտարարություն էր տարածել Օպերայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և նշել, որ, հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, կոչ են անում բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն: