Դուք խառնել եք, մենք հայեր ենք, ոչ թե ադրբեջանցիներ


15:38 , 14 հունիս, 2013

Աժ-ում Իշխան Զաքարյանի պատմական հաշվետվությունից հետո ամբողջ նյարդային համակարգս խառնվել էր իրար: Լսում ես և ապշում, թե ինչպես կարելի է օրը ցերեկով սեփական ազգին այսպես անխնա և թշնամաբար թալանել: 
Այս ամենը լսելուց հետո որոշեցի մտնել e-gov.am, քանզի այնտեղ արտացոլված են Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների հիմնապաշարները: Ահա թե ինչ պարզեցի ինձ համար, երբ մտա «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժինը:

Իմ անձնական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ծաղկեպսակների ձեռքբերման գնումներից սկսած, վերջացրած պատճենահանման գնումների հետ կապված գործառույթները պետական համապատասխան մարմինների կողմից լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Օրինակ` ներկայացուցչական ծախսերի մասին ներկայացված աղյուսակից վեցնենք այս մի տողը և փորձենք մանրամասն արծարծելով հասկանալ` համապատասխանում է այն իրականությանը, թե ոչ:

Ձեզ եմ ներկայացնում մի ապրանքագրի պայմանագրի հղումը, այնպես, ինչպես որ արտացոլված է աղյուսակում`
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն Ծաղկեպսակի, մեխակների ձեռքբերում. Ներկայացուցչական ծախս. ՖանՖան Արտ ՍՊԸ 130,000 AMD 0 AMD 2013-05-29 2013-08-01

Իսկ Տեխնիկական գնման բնութագրի մեջ` ձեռք բերվող ապրանքի նկարագիրը ներկայացված է հետևյակ կերպ` ծաղիկների և ծաղկեփսակի ձեռքբերում` մեխակներ 60-ից 70 սմ-ոց -200 հատ, բացի դրանից ծաղկեփսակ կարկասի վրա հավաքված ծաղիկներով և դեկորատիվ տերևներով:

Հարգելի ընթերցող, այսինքն այն, ինչ մենք, ցավոք սրտի, համարյա ամեն անգամ հանդիպում ենք մեր բարեկամների և հարազատների հետ կապված թաղումների ժամանակ` ուրիշ ոչ մի արտառոց բան: Այսինքն` 30 հազար դրամի փոխարեն 130 հազար դրամ: Ես հասկանում եմ հիմա այս գերատեսչությունից ոմանք կարդալով այս հոդվածը զայրացած կասեն. «Ինչ եք ասում, դուք չեք պատկերացնում դա ինչ ծաղկեպսակ էր» (բացառված չէ, որ շատերը դա կփորձեն համեմատել ֆլորիստիկայի համաշխարհային ձեռքբերումների հետ): 

Հ.Գ. Երբ ես շարունակում էի դիտել այդ աղյուսակները, այսպիսի ծաղկեպսակներից պրծում չկար: Սա միայն ծաղկեպսակների օրինակով փորձեցի ձեզ ներկայացնել, թե ինչ է կատարվում իրականում գնումների հարթության մեջ, սակայն այդ ցուցակներում, ցավոք սրտի, բացի ծաղկեպսակներից կան հազարավոր այլ նմանատիպ ձեռքբերումներ:

hartak.am