Armenpress.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում մարտի 13-ին կայացել է «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Ողջույնի խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Այնուհետև ելութ ունեցան Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի առաջին տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը:
Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային համագործակցության տարբեր ոլորտներ, որոնք վերաբերվում են համատեղ նախագծերի, ցուցահանդեսների, հետազոտությունների, սեմինարների անցկացմանը: Մասնակիցները կարևորեցին Սանկտ Պետերբուրգի հայ ազգային-մշակութային միավորումների ակտիվ մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում:
Գիտաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության և մշակույթի գործիչների ռուսական ստեղծագործական միության միջև ստորագրվեց համաձայնագիր:
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ նկարիչ Ռուբեն Զախարյանի (1901-1992թթ.) ստեղծագործություններին»: