Հասկանում եմ, որ ինչ-որ բան քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը, բայց կլինի՞ գոնե սկսեք քննարկել քաղաքին «թոքերով» ապահովելու հարցը


16:14 , 14 մարտ, 2019
Քանի բնապահպանական թեման բացել եք, ասեմ․ քաղաքը բնապահպանական աղետի առջև է կանգնած: Այս քանակությամբ մեքենաները, որոնց մեծամասնությունը վաղուց յուղ են վառում՝ հերիք չէ, մի հատ էլ կատալիզատոր չունեն, բառիս բուն իմաստով պատուհաս են քաղաքի բնակիչների համար: Թոզ մի փչեք մարդկանց աչքերին: Օպերայի բակի ասֆալտի վրա ծառ չեք տնկելու ու այդ ծառերով ոչ մեկին չեք փրկելու: Երևանի համար օրհասական խնդիր է ծառ ու թուփ ունենալը, «թոքեր» ունենալը: 90-ականներին վիճակը շատ վատ է եղել, մարդիկ գոյատևման հարց են լուծել ծառերը կտրելով, վառելով, տաքանալով: Իհարկե, հասկանում եմ, որ ինչ-որ բան քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը, բայց կլինի՞ գոնե սկսեք քննարկել քաղաքին «թոքերով» ապահովելու հարցը, ասենք` Նորքի ոչնչացված անտառը վերականգնելու հարցը, քաղաքի շրջակայքում անտառներ ստեղծելու հարցը: Ձևը չգիտե՞ք, ղազախներին հարցրեք, կասեն, թե Աստանայի շուրջբոլորը` չոլի մեջտեղը, ոնց անտառներ տնկեցին ու ինչ խնդիր լուծեցին սերունդների համար: